ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության մասին Լևոն Տեր-Պետրոսյանը խոսել էր դեռևս 2011թ. հոկտեմբերին. Լևոն Զուրաբյան
Մինչ կոալիցիայից հրաժարվելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության որոշմանն անդրադառանալը՝ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը խորհուրդ է տալիս վերլուծել ՀԱԿ-ի քայլերը, որից հետո ամեն ինչ հասկանալի կդառնա: «2011թ. հոկտեբերին Տեր-Պետրոսյանը կատարեց իր հայտնի քաղաքական վերլուծությունը, որի ժամանակ ասեց, որ եթե ԲՀԿ-ն սահմանազատվի այս ռեժիմից, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանից, ապա հնարավոր է համագործակցել ԲՀԿ-ի հետ ընտրությունների վերահսկման շուրջ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Զուրաբյանը:
Նրա խոսքերով՝ այն ժամանակ շատերին դա թվում էր անհնարին: «Բայց արդյունքում ընտրությունների ժամանակ մենք համագործակցեցինք միասնական շտաբի ֆորմատում, իսկ հիմա, փաստորեն, նաև ականատես դարձանք նրան, որ կոալիցիան փլուզվեց: Հայաստանում այլևս գոյություն չունի իշխանական հայտնի չարաբաստիկ կոալիցիան»,- ասաց նա և հստակեցրեց, որ ԲՀԿ-ն չի մասնակցում դրան, իսկ «ՕԵԿ-ի մասնակցել կամ չմասնակցելը նույն հաշիվն է»:
«Դժվար է պատկերացնել, որ ՀՀԿ-ն կորոշի կոալիցիայի մեջ մտնել գոյություն չունեցող կուսակցության հետ: Այսինքն, մի կուսակցությունը դուրս է եկել կոալիցիայից, մյուսն ընդհանրապես անհետացել է, բնության մեջ գոյություն չունի: Իսկ սա արդեն նշանակում է, որ կամաց- կամաց ռեժիմի դիրքերը կթուլանան»,-ասաց նա:
Զուրաբյանը նկատում է, որ ՀՀԿ-ն ստիպված է միանձնյա վերցնել երկրի գործընթացների ամբողջ պատասխանատվությունը և կառավարել, ինքը նրա համոզմամբ տապալված է, որովհետև նա չի օգտվում ժողովրդի վստահությունից:
ԲՀԿ-ՀԱԿ հետագա համագործակցության մեխանիզմը դեռևս հստակ չէ. «ԲՀԿ ՀԱԿ պատվիրակ ուղարկելու կարիք չկա. և խորհրդարանի ձևաչափ կարող ենք օգտագործել, և ընդհանրապես այստեղ հարցը չի դրված ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության, հարցը դրված է բոլոր ուժերի համագործակցությունն այս ռեժիմի դեմ, և ես ուրախ եմ, որ, ըստ էության, խայտառակ ընտրություններից հետո մենք գոնե մեկ նպատակի հասել ենք՝ այսօր ՀՀԿ-ն քաղաքականապես մեկուսացված է»,-ասաց նա:
ԲՀԿ-ի կոալիցիայի չկազմելու որոշման մեջ Զուրաբյանը Ռոբերտ Քոչարյանի միջամտությունը չի տեսնում. «Ես ընդհանրապես տեսիլքներ ունենալով չեմ տառապում»:
Իսկ թե կոնկրետ ՀԱԿ-ը ԲՀԿ-ին տեսնո՞ւմ է ընդդիմադիր դաշտում՝ Զուրաբյանը պատասխանեց, որ զուտ ընդդիմության դասական սահմանմամբ՝ ԲՀԿ-ն, եթե չի վերցնում որևէ պորտֆել իշխանության մեջ, դառնում է ընդդիմություն: «Բայց բովանդակային առումով, այսինքն` ընդդիմադիր կեցվածք ընդունելու առումով, դա պետք է ԲՀԿ-ն որոշի»,- նշեց նա:









