Մի քանի ամիս անց նոր կոալիցիա կձևավորվի, որին մաս կկազմի ԲՀԿ-ն. Հայկ Բաբուխանյան

14:06 • 25.05.12

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ամիսներ անց կրկին միանալու է Հայաստանի հանրապետական կուսակցությանը և կազմելու է կոալիցիա. այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ, ՀՀԿ համամասնական ցուցակի 18-րդ հորիզոնականը զբաղեցնող Հայկ Բաբուխանյանը:


«Ես կարծում եմ, որ կոալիցիա կկազմվի, սակայն դա ավելի ուշ կլինի՝ մի քանի ամիս անց, մինչ նախագահական ընտրությունները: Ես կարծում եմ՝ դեռ շատ ԲՀԿ-ականներ դուրս կգան կուսակցությունից, և կուսակցության ներսում շատ խմորումներ դեռ տեղի կունենան»,- նկատեց Հ. Բաբուխանյանը:


Վերջինս նշեց, որ միայնակ կառավարություն ձևավորելը և պատասխանատվություն ստանձնելն էլ ավելի կնպաստի Հայաստանի զարգացմանը:


«Ճիշտ է, ՕԵԿ-ը նույնպես մասնակցելու է և կառավարության մաս է կազմելու, սակայն 45 տոկոս հավաքած ՀՀԿ-ն պարզ է, որ շատ ավելի մեծ դեր է ունենալու, քան հինգ տոկոս հավաքած քաղաքական ուժը»,- ասաց Հայկ Բաբուխանյանը:
ՍԻՄ նախագահն իր անունից դատապարտեց նաև վերջին շրջանում տեղի ունեցող, այսպես ասած, «բազմազանությունների ակտիվացմանը»:


«Ես որպես հայ մարդ, դատապարտում եմ այդ երևույթները, և պետք է դատապարտեմ նաև Ամերիկայի դեսպանատան այն հայտարարությունը, որտեղ վերջիններս խրախուսում են Հայաստանում նման միջոցառումների անցկացումը: Ես պետք է ասեմ, որ շատ վատ երևույթ է, երբ մի քանի գրանտակերներ Հայաստանում ստեղծում են անկայուն իրավիճակ»,-ասաց Հայկ Բաբուխանյանը։


Նա նաև նշեց, որ առաջիկայում որպես պատգամավոր ինքը մշակելու է մի շարք օրինագծեր, որոնք կվերաբերեն կրթությանը, աղանդների դեմ պայքարին և այլն:


Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո ԲՀԿ-ն, որը մինչ ընտրությունները մաս էր կազմում քաղաքական կոալիցիոն կառավարության, երեկ հրաժարվեց շարունակել ՀՀԿ-ի հետ կոալիցիոն համագործակցությունը: