ՀՀԿ-ն չի համարում, որ ԲՀԿ-ի՝ կոալիցիայից հրաժարվելը «դարակազմիկ երևույթ է». Հերմինե Նաղդալյան

18:56 • 25.05.12

Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, թե իրենք չեն համարում, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ կոալիցիայից հրաժարվելը «դարակազմիկ երևույթ է»։
«Մենք համարում ենք, որ այն պատասխանատվությունը, որը մեր ընտրողի առաջ ստանձնել ենք, այդ պատասխանատվությամբ ենք շարժվելու»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:


Վերջինս վստահեցրեց, որ ՀՀԿ-ն ունի բոլոր անհրաժեշտ տարրերը՝ երկրի ղեկավարման պատասխանատվությունը միայնակ ստանձնելու համար.«ՀՀԿ-ն ունի համապատասխան ներուժ, անհրաժեշտ կադրային պատրաստվածություն, ծրագրեր, ինչպես նաև, ժողովրդի քվեն՝ միայնակ ստանձնելու պատասխանատվություն»:


Նաղդալյանի խոսքով՝ ՀՀԿ-ն, երկար տարիներ լինելով իշխանություն, նույնիսկ կոալիցիոն կառավարության ժամանակ միայնակ է կրել այդ պատասխանատվությունը:


«Փաստացի, անգամ այն ժամանակ, երբ կոալիցիոն է եղել կառավարությունը, փորձը ցույց է տվել, որ միևնույն է, պատասխանատվությունը ՀՀԿ-ն է կրել, նույնիսկ՝ իր կոալիցիոն գործընկերների փոխարեն, ովքեր «հին ու բարի ավանդույթի» համաձայն իշխանության մեջ են եղել, բայց պատասխանատվությունը կրելու պահին, կամ ընտրությունների ժամանակ աշխատել են կողքի կանգնել և ձերբազատվել»,- ասաց տիկին Նաղդալյանն ու ընդգծեց, որ իրենք չեն վախենում ո՛չ պատասխանատվությունից, ո՛չ էլ աշխատանքից:


Ավելին՝ ՀՀԿ պատգամավորը նույնիսկ ուրախ է, քանի որ ԲՀԿ-ի որոշմամբ, հստակություն է մտել քաղաքական դաշտի մեջ:
«Հիմա քաղաքական համակարգն ավելի դասական է դարձել և ամեն մեկը կարող է աշխատել, ցույց տալ, թե իր ծրագրերն ինչպես է կյանքի կոչում և հետագայում էլ ունենա ընտրողի գնահատականը»,- ընդգծեց նա:


Հերմինե Նաղդալյանի գնահատմամբ, նախորդի համեմատ նոր ԱԺ-ն կլինի առավել ներկայացուցչական և աշխատանքային:
«Իրականում մենք շատ մեծ ջանքեր ենք ներդրել, որպեսզի ընտրությունները լինեն օրինական, և շնորհիվ այդ ընտրությունների, մենք այսօր ունենք այնպիսի քաղաքական մարմին, որն իրականում արտահայտում է հասարակության սպասելիքները, և այդ քաղաքական մարմինը, կարծում եմ, կունենա և շատ բովանդակային քննարկումներ և հարցերին մոտենալու լուրջ ունակություն: Ընտրողը ընտրությունից ընտրություն տեսնում է համաշխարհային մոդելին համապատասխանող մարմին»,- ասաց նա: