ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հունգարիայի դեսպանը

15:03 • 25.05.12

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հունգարիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Շանդոր Սաբոյը:

 

ՀՀ նախագահի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ:



Երկուստեք ընդգծվել է, որ հայ-հունգարական քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և հատկապես, վերջին տարիներին զգալի ակտիվություն է նկատվել այդ հարաբերություններն առավել ամրապնդելու, տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու գործում, ինչին նպաստել է նաև 2009թ. ՀՀ նախագահի Հունգարիա կատարած պետական այցը:

Զրուցակիցների համոզմամբ, երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները դեռևս զիջում են քաղաքական հարաբերություններին, որոնք զարգացնելու համար լավ հնարավորություններ և մեծ ներուժ կա:

 

Դեսպան Շանդոր Սաբոյը վստահեցրել է, որ իր գործունեության ընթացքում կանի հնարավորը այդ ներուժն առավելագույնս օգտագործելու և երկկողմ տնտեսական կապերն ակտիվացնելու համար:

 

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում համագործակցության զարգացմանը: