Իվանիշվիլին Ռուսաստանի հետ հարաբերությունները կսկսի կարգավորել իշխանության գալու երկրորդ օրը
Վրաստանի ընդդիմադիր «Վրացական երազանք»-ի առաջնորդ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, ով իր կոալիցիայով մտադիր է հաղթել աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններում, հայտարարել է, որ Ռուսաստանի հետ բանակցություններ կսկսի «իշխանության ղեկին գտնվելու երկրորդ օրն իսկ», հայտնում է vz.ru-ն:
«Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է վերականգնել մեր աբխազ ու հարավօսիացի եղբայրների հետ քանդված կամուրջները»,- «Կավկազիա» հեռուստաալիքին ասել է Իվանիշվիլին:
Նրա խոսքով` պետք է կարճ ժամանակահատվածում երկիրը վերակառուցել ժողովրդավարական ինստիտուտների հիման վրա:
«Երբ վրացիները տեղ չունեն Վրաստանում, բնականաբար, օսիացիներն ու աբխազները չեն ցանկանա վերադառնալ այստեղ, և նրանց դժվար է դրանում համոզելը»,- ասել է նա` հավելելով, որ « տարածքները պետք է պարտադիր վերադարձվեն»:
Դա, ըստ նրա, շատ շուտով տեղի չի ունենա, սակայն ոչինչ չի կարելի բացառել:
Ընդդիմադիրը հայտնել է, որ պատրաստվում է աշխատել մի քանի ուղղություններով:
«Իհարկե, պետք է սկսել Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումից: Սակայն գլխավորը երկրում այնպիսի մթնոլորտ ձևավորելն է, որ մարդիկ ցանկանան ապրել այստեղ»,- ասել է Իվանիշվիլին` հավելելով, որ դրանից հետո, ԱՄՆ-ն ու Եվրոպան իրենց ավելի շատ կաջակցեն:
Նա մայիսի 27-ից հետո ակտիվացում է խոստացել, երբ «Վրացական երազանք»-ը սկսի իր նախընտրական քարոզարշավը հանրահավաքներով:
«Ես վստահ եմ, որ մենք կհաղթենք, ու կհաղթենք` առանց որևէ բռնության»,- ասել է նա:









