Հայրը որդու «Վերջին զանգի» առթիվ դպրոցի բակում, դուրս գալով ջիփից, հրացանից կրակոցներ է արձակել (լուսանկարներ, տեսանյութ)

21:06 • 25.05.12

 Այսօր՝ մայիսի 25-ին, կրակոցներ են հնչել Երևանում:

 

Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան ոստիկանության Չարբախի բաժանմունք ահազանգ է ստացվել այն մասին, որ թիվ 79 դպրոցում կազմակերպված «Վերջին զանգի» արարողության ժամանակ դպրոցի բակում հնչել են կրակոցներ:


Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատմել են, որ դպրոցի առջև կայանված «Մերսեդես» մակնիշի ջիփ ավտոմեքենայից մի հոգի դուրս է եկել ու իր մոտ եղած որսորդական հրացանից օդ կրակել և նույն ջիփով հեռացել:


Դպրոցի բակում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ րոպեներ անց ժամանեցին ոստիկանության աշխատակիցները: Ոստիկանության Չարբախի բաժանմունքի աշխատակիցները կարճ ժամանակում օպերատիվ տվյալներն իրացնելով պարզում են, որ նշված ջիփի համարանիշները եղել են 14 ՕԼ 414, որը պատկանում է Արամ Թովմասյանին: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ոստիկանության Չարբախի աշխատակիցները հայտնաբերում են նշված ջիփն ու կրակոցներ արձակած «հերոսին»՝ Արամ Թովմասյանին, ում հետ եղել է նաև նրա որդին՝ Վազգեն Թովմասյանը:

 

Արդեն ոստիկանությունում հայրը հանձնում է իրեն պատկանող «Ֆաբարմ» տեսակի հրազենը և 4 փամփուշտ և խոստովանում, որ կրակոցների հեղինակը եղել է ինքը՝ տղայի «Վերջին զանգի» առթիվ:

 

Փաստի առթիվ ոստիկանության Չարբախի բաժանմունքում քննություն է սկսվել:

 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի