ՀՀ դեսպանը հանդիպել է Իռլանդիայի նախագահի հետ

15:37 • 25.05.12

Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանը մայիսի 22-23-ին, այցելել է Դուբլին, որտեղ Իռլանդիայում համատեղության կարգով դեսպան նշանակվելու կապակցությամբ, իր հավատարմագրերն է հանձնել Իռլանդիայի նախագահ Մայքլ Հիգինսին:


Մայիսի 23-ին Նախագահական պալատում տեղի ունեցած հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո դեսպանը կարճ զրույց է ունեցել Իռլանդիայի նախագահի հետ, որի ընթացքում քննարկվել են հայ-իռլանդական հարաբերությունների զարգացման հեռանկարները:


Արարողությանը ներկա են եղել նաև Իռլանդիայի մանր և միջին բիզնեսի նախարար Ջոն Փերին, և Նախագահի աշխատակազմի ղեկավար Ադրիան Օ’Նիլը:


Հավատարմագրման արարողությունից հետո, ՀՀ նորանշանակ դեսպանի պատվին, Հայաստանի պատվո հյուպատոսը կազմակերպել է ընդունելություն, որին ներկա են եղել պետական մի շարք կառույցների, դիվանագիտական կորպուսի և հայ համայնքի ներկայացուցիչներ:


Նույն օրը դեսպան Ղազինյանը հանդիպում է ունեցել Իռլանդիայի ԱԳՆ Քաղաքական տնօրեն Դեյվիդ Դոնահյուի և ԵԱՀԿ աշխատախմբի ղեկավար Ֆրանկ Քոգանի հետ:


Հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել Իռլանդիայի խորհրդարանում՝ Առևտրի ու զարգացման նախարար Ջո Քասթելոյի (Joe Costello) հետ: Քննարկվել են երկկողմ տնտեսական հարաբերություններն առաջ մղելու և զարգացնելու հնարավորությունները, հատկապես` գյուղատնտեսական, դեղագործական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում, ինչպես նաև երկկողմ բարձրաստիճան այցեր կազմակերպելու անհրաժեշտության հարցեր:


Նախարարի խնդրանքով դեսպանը հակիրճ ներկայացրել է նաև ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումները:


Մայիսի 22-ին դեսպան Ղազինյանը հանդիպել է Իռլանդիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, որը կազմակերպել էր Իռլանդիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Օհան Երկայնհարսյանը: