«Գլոբուս» թատրոնի շենքը ոնց որ սարքած լինի ձեզ համար. լոնդոնյան թատրոնի տնօրենը` սունդուկյանցիներին
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային-ակադեմիական թատրոնը մեծ հաջողությամբ հանդես է եկել «Շեքսպիրյան օլիմպիադա» փառատոնի շրջանակներում՝ շեքսպիրյան «Գլոբուս» թատրոնում բեմադրելով «Ջոն արքա» ներկայացումը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ սունդուկյանցիներն իրենց տպավորություններով կիսվեցին լրագրողների հետ:
«Եթե գնում ես Շեքսպիրի հայրենիք և այդ թատրոնի ղեկավարն ասում է` էս ի~նչ ներկայացում է, էս ո~նց էիք դուք խաղում, «Գլոբուս»-ի շենքը, ոնց որ սարքած լինի ձեզ համար, էլ դրանից լավ բա՞ն… չգիտեմ էլ ինչ ասեմ»,- նշեց ներկայացման բեմադրիչ Տիգրան Գասպարյանը, ով առաջին անգամ է բեմադրում Շեքսպիրի գործերից:
Սունդուկյան թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը նշեց, որ առաջին անգամ էր, որ «Գլոբուս» թատրոնի բեմում հայկական թատրոնը բեմադրություն էր ներկայացում։
Բեմադրիչի համար, նրա խոսքով, արտառոց պայմաններ էին առաջադրված. «Ներկայացումը պետք է տևեր 2 ժամ 10 րոպե, կարող էին մասնակցել 10-12 դերասան՝ ընդամենը մեկ ներկայացման մեջ, լուսային, ձայնային տեխնիկա չի կարելի օգտագործել, դեկորացիան պետք է մինիմումի հասցվի՝ համարյա չլինի, իսկ բեմն էլ շատ փոքր էր, Սունդուկյան թատրոնի նման չէ»,- ասաց տնօրեն Դավթյանը:
Բեմադրիչ Տիգրան Գասպարյանը նշեց, որ նման սահմանափակումները
չեն ազդել ներկայացման որակի վրա:
Ի դեպ,ասուլիսի ընթացքում բեմադրության տեսանյութից մի հատված՝ ներկայացման ավարտը, ցուցադրվեց լրագրողներին:
«Բեմադրության ընթացքում հնչում էր հայկական ազգային երաժշտություն՝ կենդանի կատարմամբ, իսկ ներկայացման ավարտին հանդիսատեսը հոտնկայս, մոտ 10 րոպե բուռն ծափահարում էր»,- ասաց Տիգրան Գասպարյանն ու ազգային երաժշտության օգտագործումը շեքսպիրյան բեմադրության մեջ, մեկնաբանեց հետևյալ կերպ. քանի որ Շեքսպիրը չի գրել միայն Անգլիայի համար, ուստի բեմադրիչը որոշել է ազգային տարրեր մտցնել ներկայացման մեջ:
«Սա շատ մեծ հաղթանակ է հայ թատերարվեստի համար: Շատ լավ է, որ մեր թատրոնը հաղթեց Շեքսպիրի երկրում շեքսպիրյան բեմականացմամբ»,- նշեց թատրոնի տնօրենը Ս. Դավթյանը:
Նա նշեց, որ «Ջոն արքա» ներկայացման պրեմիերան Երևանում կկայանա հունիսի 20-ին: Տիգրան Գասպարյանը նկատեց, որ բեմադրությունը կներկայացվի հայ հանդիսատեսին նույն լուծումներով, կավելացվի միայն լուսային տեխնիկան:










