Փհենյանը Սեուլին է վերադարձրել Կորեական պատերազմի զոհերի աճյունները

11:48 • 25.05.12

1950-1953 թթ. Կորեական պատերազմից հետո, առաջին անգամ Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ի միջոցով Կորեայի Հանրապետությանն (Հարավային Կորեա) է վերադարձրել զոհված զինվորների աճյունները: Այս մասին, «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, այսօր հայտարարել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը:

 

Հյուսիսային Կորեայի տարածքում զոհված զինվորների կմախքները հայտնաբերել է ամերիկյան խումբը, 2000 և 2004 թթ. իրականացրած պեղումների ժամանակ: Հավայան կղզիներում անցկացված ԴՆԹ թեստերից հետո, պարզվել է, որ հայտնաբերված 226 զինծառայողների աճյունների մի մասը պատկանում են Ասիայի բնակիչների: Ավելի ուշ անցկացված համատեղ ուսումնասիրությունն ապացուցել է, որ դրանցից 12-ի կմախքը պատկանում են հարավկորեացիների:

 

Փակ արկղերով աճյունները հասցվել են հարավկորեական Սոնամի կառավարական օդանավակայան, որտեղ դրանք դիմավորել են նախագահ Լի Մյուն Բակը, պաշտպանության նախարար Կիմ Գվան Չժինը և երկրում ամերիկյան զորքերի հրամանատար, գեներալ Ջեյմս Թուրմանը:

«Նրանցից ավելի հայրենասերներ չկան, նրանք իրենց կյանքն են տվել հայրենիքի պաշտպանության համար»,- ասել է երկրի նախագահը զոհերի հարազատներին:

 

Հարավային Կորեայի պաշտոնական տվյալների համաձայն` 3 տարի տևած պատերազմի ընթացքում զոհվել է մոտ 140 հազ հարավկորեացի զինվոր, 450 հազ-ը` վիրավորվել, իսկ Հյուսիսային Կորեան ունեցել է 215 հազ զոհ և 300 հազ վիրավոր: