Փաստաբանի արտոնագրի քննության դիմորդների 27%–ն «անբավարար» է ստացել
Մայիսի 19-22-ը Փաստաբանների պալատի կողմից անցկացված փաստաբանական գործունեության արտոնագրի հավակնորդների որակավորման քննություննեի առաջին փուլի առաջին օրը անբավարար գնահատական են ստացել դիմորդների մոտ 27%-ը կամ 164 հոգուց 44-ը, այս մասին Tert.am-ը տեղեկացավ փաստաբանների պալատի կայքում տեղադրված չորսօրյա քննությունների արդյունքների ուսումնասիրությունից:
Փաստաբանի արտոնագրի երկփուլ քննությունների գրավորի հարցաշարի 2000 հարցերից՝ դիմորդները պետք է ճիշտ պատասխանեին մեկ քննաթերթիկում ներառված 100 հարցերից 85-ին և ստանային նվազագույնը 85 միավոր:
Հիշեցնենք, որ «Փաստաբանության մասին » օրենքում կատարված վերջին փոփոխությունների արդյունքում՝ փաստաբանական գործունեություն կարող են իրականացնել միայն այն անձինք, ովքեր արտոնագիր ունեն, թեև մինչ այդ իրավաբանական կրթություն չունեցող անձինք շատ հաճախ դատարաններում ներկայացնում են իրենց և այլ վստահորդների շահերը:
Քննությանը եղել են անձինք, ովքեր ստացել են անգամ 44 և 41 միավոր: Բայց անբավարար գնահատական ստացածների միջին ցուցանիշը 72 միավոր է: Սակայն կային 100 միավոր, այսինքն՝ բոլոր հարցերին 100 ճիշտ պատասխանա տված՝ մեկ տասնյակից ավելի անձինք:
Տեղեկացնենք, որ մյուս օրերի քննությունների արդյունքները հիմնականում փոքր շեղումներով էին տարբերվում առաջին օրվա արդյունքներից:
Մաթեմատիկոս Հակոբ Ճարոյանը ևս մասնակցել է (97 միավոր է ստացել քննություններին: Ինչպես Tert.am-ին տեղեկացրեց Հակոբ Ճարոյանը, քննությունն անցկացվել է Փաստաբանների պալատի անդամների կողմից՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի համակարգչային սենյակում՝ համակարգչի պատահական ընտրությամբ հանված հարցաշարի գրավոր քննությամբ:
Քննության մասնակիցները, նախքան հարցաշարին անցնելը, նշել են իրենց ուղղվածությունը՝ քաղաքացիակա՞ն, թե՞ քրեական իրավունք:
Փաստաբանական արտոնագրի գրավոր քննության հարցաշարը ներառում է հարցեր «Փաստաբանության մասին » օրենքից, Փաստաբանի վարքագծի կանոնագրքից և ՀՀ քաղաքացիական և քրեական իրավունքից: Այսինքն` հարցեր Քաղաքացիական, Քաղաքացիական դատավարության և Քրեական օրենսգրքերից:
Տեղեկացնենք, որ հունիս ամսին կանցկացվի փաստաբանական գործունեության արտոնագրի հավակնորդների որակավորման քննությունների երկրորդ փուլը, դիմորդները կհանձնեն բանավոր քննություն. հարցաշարը կազմված է 300 հարցերից:









