ՀԱԿ-ը ՍԴ-ից «արդար որոշում չի սպասում». դիմել է, որպեսզի հարցը հասցնի մինչև Եվրոպական դատարան

14:37 • 25.05.12

Մայիսի 6-ին տեղի ունեցած թե՛ համամասնական, և թե՛ մեծամասնական ընտրակարգով ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին Հայ ազգային կոնգրեսի դիմումի ներկայացումը ՀՀ Սահմանադրական դատարան «ձևական բնույթ է կրում» և այն ավելի շատ միտված է հետագայում Մարդու իրավունքների Եվրոպական դատարան դիմելուն:



Նշենք, որ վերջինիս կարելի է դիմել միայն Հայաստանում գործող բոլոր դատական ատյանները անցնելուց հետո։

 

«ՍԴ-ն ընդամենը ռեժիմի կցորդն է և մենք նրանից արդար որոշումներ չենք սպասում, բայց պետք է մեր գործն անենք: Մենք պետք է ներկայացնենք ապացույցներ, տանք գնահատականներ, նաև հնարավորություն ստեղծենք, որ հետո նաև կարողանանք դիմել Եվրոպական դատարան»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:



Նա հստակեցրեց, որ դիմումի նպատակն է հասարակությանը և միջազգային հանրությանը ներկայացնել այն, ինչ կատարվել է Հայասատանում: «Բոլորը պետք է իմանան , որ Հայաստանում տեղի է ունեցել պետականորեն կազմակերպված ընտրակեղծարարություն»,-նշեց նա: