Կայացավ կրպակների ապամոնտաժման գործով Մանվել Սարգսյանի դեմ դատական առաջին նիստը

18:41 • 25.05.12

ՀՀ վարչական դատարանում այսօր կայացավ ՀՀ ոստիկանությունն ընդդեմ Մաշտոցի պուրակի կրպակներն ապամոնտաժող բրիգադի անդամ, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ Մանվել Սարգսյանի գործով առաջին դատական նիստը՝ դատավոր Աղասի Դարբինյանի նախագահությամբ:


Մանվել Սարգսյանը մեղադրվում է այն բանի համար, որ դեռ մեկ ամիս առաջ անցել է Մաշտոցի պուրակում գոյություն ունեցող կրպակների շուրջը տեղադրված արգելապատնեշները՝ չենթարկվելով Ոստիկանության զգուշացումներին:


Հայցվոր կողմը պահանջում է, որպեսզի պատասխանող կողմը՝ Մանվել Սարգսյանը, ենթարկվի վարչական տուգանքի՝ ըստ «ՀՀ վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի 182-րդ հոդվածի:


Դատական նիստի ընթացքում Մանվել Սարգսյանը դատարանին տեղեկացրեց, որ կրպակները ապամոնտաժող բրիգադը Ոստիկանությանը զգուշացրել է, որ եթե իրենք անեն ոչ օրինական քայլ, ապա իրենց անմիջապես ձերբակալեն, ինչը, սակայն, չի արվել:


«Մեզ, իհարկե, ասել են, որ չանցնենք արգելապատնեշը, բայց անցնելուց հետո, երբ մեզ հետ են բերել, ասել ենք՝ օրենքից դուրս բան ե՞նք արել, ասել են՝ ոչ: Հետո էլ գնում են արձանագրություն են կազմում: Մենք մեր իրավունքներն էինք պաշտպանում այգում»,- ասաց Մ. Սարգսյանը:


Որպես գլխավոր հակափաստարկ նա հիշեցրեց հանրապետության նախագահի քայլը, նկատելով, թե իրենց նույն գործն արեց Սերժ Սարգսյանը, երբ առաջարկեց՝ ապամոնտաժել կրպակները:


«Այդ դեպքում Ոստիկանությունը չպետք է թույլ տար՝ շարունակելով պաշտպանել կրպակները: Բայց նրանք թույլ տվեցին, որ կրպակները ապամոնտաժվեն: Դրանից ավելի ի՞նչ կարելի է ասել, որ պարզ դառնա, որ մենք միայն մեր իրավունքների համար էինք պայքարում՝ պաշտպանելով հանրային տարածքը»,- ասաց ՌԱՀՀԿ փորձագետը:


Դատական նիստի ընթացքում դատավոր Աղասի Դարբինյանը թույլ չտվեց պատասխանողին 5 օրվա ընթացքում ներկայացնել համապատասխան փաստեր՝ նշելով, որ դրա համար պատասխանողն արդեն իսկ բավարար ժամանակ է ունեցել:


Դատավոր Մուրադյանը բոլոր փաստերն ուսումնասիրելուց հետո, հայտարարեց, որ վճիռը կհրապարակի հունիսի 8-ին: