Թուրքիայում գտնված Ավետարանը խարխլելու՞ է քրիստոնեության հիմքերը

13:28 • 25.05.12

Իրանցի գիտնականները հայտարարել են 5-րդ դարով թվագրվող և կենդանական մագաղաթի վրա գրված Սուրբ գրքի հայտնաբերման մասին: Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, Հիսուսի աշակերտներից Բառնաբասի կողմից գրված Ավետարանը հայտնաբերվել է 12 տարի առաջ, Թուրքիայում` հնությունների գծով մասնագիտացած հանցախմբի վնասազերծման ժամանակ: Այդ ժամանակ, բացառիկ գտածոյի մասին գերադասվեց լռել:

 

Իրանցի գիտնականներն առաջինն էին, որ բարձրաձայնեցին, թե գտածոն Բառնաբասի Ավետարանի ձեռագիրն է: Ավելին, մասնագետների կարծիքով, այն վերջ կդնի քրիստոնեությանը: Իրենց զեկույցում իրանցի պատմաբաններն ու փորձագետները վստահեցրել են, որ Ավետարանի համաձայն` Հիսուսը չի խաչվել, ավելին` այն կանխատեսում է Մուհամեդ մարգարեի գալստյան մասին: Իրանցիների կարծիքը կիսել են նաև թուրք մասնագետները:

 

«Մագաղաթի վրա գրված այս տեքստը կբերի քրիստոնեական աշխարհի ոչնչացման և կապացուցի, որ իսլամը միակ ճմշարիտ կրոնն է»,- հայտնել են մասնագետները:

 

Զեկույցում նրանք մեջբերել են Ավետարանի 42-րդ գլուխը. «Աստված թաքնվեց, երբ Միքայել հրեշտակապետը Դրախտից վտարեց Ադամին ու Եվային: Երբ Ադամը շրջվեց, նա տեսավ Դրախտի պարիսպների վերին հատվածում գրություն` «Կա մեկ Աստված` Ալլահը, և նրա մարգարեն` Մուհամեդը»:


Հավանաբար, իրանցիների ու թուրքերի այս հայտարարությունն ուշադրության չարժանանար, եթե չլիներ Վատիկանի հետաքրքրվածությունն այս հարցում: Վատիկանը պաշտոնական հարցում է ուղարկել գտածոն ուսումնասիրելու համար: Դեռ չի հաղորդվում` խնդրանքը բավարարվել է, թե ոչ:

 

Գրվածքի այլ մանրամասներ պարզել թուրքական իշխանություններին չի հաջողվել: Գիրքը պահվում է Անկարայում` Արդարադատության պալատում, ուժեղացված հսկողության ներքո:


Թուրքիայի իշխանությունները համոզված են, որ Սուրբ գիրքը հեղափոխություն կմտցնի կրոնների ոլորտում, ինչի մասին, ըստ նրանց, խոսվում է նաև Ավետարանում:

 

Միջազգային հանրությունն ու, մասնավորապես, մասնագետները ձեռագիրը կասկածի տակ են դնում: Մասնավորապես, իրանագետ Էրիկ Սթաքելբեքը նշել է, որ Իրանը միշտ անհանդուրժող է եղել քրիստոնեության նկատմամբ և փորձել է ցանկացած ճանապարհով արմատախիլ անել այն:

Թուրքիայում գտնված Ավետարանը խարխլելու՞ է քրիստոնեության հիմքերը