Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակն առաջարկել է լուծարել խորհրդարանը

14:16 • 25.05.12

Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինը պատգամավորներին առաջարկել է «ընդունել քաղաքական որոշում ու ճանաչել երկրում պառլամենտարիզմի վերջնական փլուզման փաստը»  և անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս մասին, «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, նա հայտարարել է խմբակցությունների ու պատգամավորական խմբերի առաջնորդների հաշտեցման խորհրդին հաջորդած ճեպազրույցի ժամանակ:


Խոսնակի պնդմամբ` ստեղծված իրավիճակի «վերջակետը» դրվել է հինգշաբթի, պետական լեզվի քաղաքականության հիմունքների մասին օրինագծի քննարկման ժամանակ: Ինչպես հաղորդել էր Tert.am-ը, երեկ ուկրաինական խորհրդարանում ռուսերենի կարգավիճակի բարձրացման օրինագծի քննարկումների ժամանակ իշխանամետ ու ընդդիմադիր պատգամավորների միջև ծեծկռտուք էր տեղի ունեցել:


«Գերագույն ռադան ու պառլամենտարիզմն Ուկրաինայում վերջնականապես փլուզված են: Ես առաջարկել եմ այդ փաստի ճանաչման քաղաքական որոշում ընդունել ու նոր ընտրություններ անցկացնել»,- ասել է Լիտվինը:

 

Նա հայտնել է, որ առաջարկը չի քննարկել խմբակցությունների ղեկավարների հետ:

 

«Նման իրավիճակում մարդկանց պետք է կողմնորոշվելու հնարավորություն տալ, քանի որ հետևել այս անճոռնիությանը, մեղմ ասած, պետք չէ, և պետք է վերջ տալ տանջել երկրին»,- ասել է նա:

 

Լիտվինի խոսքով` այսօր Ռադան նիստ չի գումարի: Ի դեպ, խոսնակի առաջարկը ողջունել են ազատազրկման դատապարտված նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի գլխավորած Батькивщина կուսակցության պատգամավորները: