Ռոջեր Կուպելյանը հանդիպել է Մել Գիբսոնին՝ Հայաստանի մասին ֆիլմի հարցով

13:08 • 25.05.12

Fugitive Studios Entertainment Armenia-ն ընկերության մամլո ծառայությունը հաստատում է, որ հոլիվուդյան վիզուալ էֆեկտների հեղինակ և ռեժիսոր Ռոջեր Կուպելյանն հանդիպել է Մել Գիբսոնի և Սերժ Սարգսյանի ներկայացուցիչների հետ՝ Հայաստանի մասին պատմող «Բյուզանդիայի Արևելքը» ֆիլմը նկարահանելու նպատակով։

 

«Հայկական մշակույթը կարիք ունի ներկայանալու ռազմական վարքականոնի թեմաներով, այլ ոչ թե զոհի կերպարով: Այս նախագիծը, որն անձամբ ֆինանսավորել եմ տասը տարի, հենց այդ գաղափարի հիման վրա է ձևավորվել»,– ասել է Ռոջեր Կուպելյանը։

 

Հիշեցնենք, որ վերջերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր Մել Գիբսոնի հետ ֆիլմի նախագծի շուրջ ձեռք բերված նախնական համաձայնության մասին:

 

Չբացահայտելով ընթացակարգային մանրամասները՝ Fugitive Studios Entertainment Armenia–ն նշում է, որ Կուպելյանի նախագիծը՝ «Բյուզանդիայի Արևելք» ֆիլմը, պատմում է Հայաստանի մասին՝ ներառելով քրիստոնեության ընդունումից մինչև Ավարայրի ճակատամարտը և դրան հետևող դեպքերը:

 

Այսինքն, ժամանակագրական առումով, ֆիլմը սկսվում է մ.թ. 301թ-ին Հայաստանի կողմից քրիստոնեության ընդունումից մինչև մ.թ. 451թ-ի Ավարայրի ճակատամարտի և դրան հաջորդող հաղթանակների մասին պատմություններով:

 

Ռոջեր Կուպելյանի և հայտնի կինոպրոդյուսերի միջև հանդիպումները սկսվել են 2011 թ-ի մայիսի 11-ին Մոսկվայում և շարունակվել են մինչև այս տարվա ապրիլ ամիսը:

 

Ըստ տեղեկությունների, Ռոջեր Կուպելյանի և Մել Գիբսոնի միջև կայացած վերջին հանդիպումը եղել է շատ խոստումնալից, սակայն բանակցությունները դեռևս գտնվում են նախնական փուլում:

 

Նախագծի հավանական պրոդյուսերների հետ բանակցություններն ընթացքի մեջ են՝ մինչև տարվա վերջ հստակ պայմանավորվածության հասնելու նպատակով:

 

Հիշեցնենք, որ «Բյուզանդիայի Արևելք» ֆիլմի շուրջ աշխատանքները ծավալվել են Նոր Զելանդիայում՝ 2002թ-ին: Վերջերս «Բյուզանդիայի Արևելքից» ներշնչված՝ լույս է տեսնում առաջին գրաֆիկական պատումը` «Պատերազմի աստվածները» վերնագրով, որը ներկայումս թարգմանվում է իսպաներեն: