Վրաստանին հնարավորություն տրվեց անդամակցել ՆԱՏՕ-ին. Ռուբեն Սաֆրաստյան

15:10 • 25.05.12

Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Չիկագոյում վերջերս տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, այն կարևորեց, հատկապես, երկու առումով. առաջինը՝ գագաթնաժողովը Վրաստանի առջև ՆԱՏՕ-ին անդամակցության հնարավորություն բացեց:


«ՆԱՏՕ-ն հնարավորություն տվեց Վրաստանին անդամակցել այդ կառույցին, դա նշանակում է, որ ՆԱՏՕ-ի քաղաքականությունը փոխվում է և այն մեծ ուշադրություն է դարձնում Արևելյան հատվածին: ՆԱՏՕ-ն ցանկանում է մեծ ազդեցություն ունենալ տարածաշրջանային զարգացումների մեջ: Դրա հետևանքները հետագայում, ակնհայտորեն, ի հայտ կգան»,-ասաց Սաֆրաստյանը:


Ըստ նրա՝ երկրորդ հանգամանքն այն է, որ գագաթնաժողովի ընթացքում, տարածքային հակամարտությունների լուծման պարագայում, առաջնահերթությունը տրվեց տարածքային ամբողջականության սկզբունքին:


«Այս պարագայում արդարացված է այն, որ ՀՀ նախագահը չգնաց այս գագաթնաժողովին: Պատկերացնո՞ւմ եք, նման որոշման ընդունման ժամանակ ներկա լիներ մեր նախագահը: Ոչ մի ելույթ չէր կարող ունենալ, քանի որ ՆԱՏՕ-ի անդամ երկիր չենք: Եվ հետո, ընդունված որոշումը հակասում է Մինսկի խմբի դիրքորոշմանը»,- ասաց նա:


«Երբ իսկապես սկսվի Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին՝ տարածաշրջանում լարվածությունը կմեծանա»,- նշեց Ռուբեն Սաֆրաստյանը: