Սեյրան Օհանյանը հերքում է իր՝ վարչապետ դառնալու մասին լուրերը
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հերքում է լուրերն այն մասին, թե ինքն ստանձնելու է ՀՀ վարչապետի կամ փոխվարչապետի պաշտոնը:
«Ես ձեզ կարող եմ միայն ասել, որ խոսակցություններն իրականությանը չեն համապատասխանում: Թե հետագայում ես որտե՞ղ կպաշտոնավարեմ, կմնա՞մ որպես ՀՀ պաշտպանության նախարար, կորոշի քաղաքական թիմը»,- ասաց նա։
Tert.am-ի հարցին, թե ՊՆ նախարարն ինչպե՞ս կմեկնաբանի լուրերը, թե ՀՀ Զինված ուժերը իրականացրել են պատժիչ գործողություններ, որի հետևանքով հակառակորդ կողմը 7 զոհ է ունեցել, Սեյրան Օհանյանն ասաց. «Այդ մասին հարցրեք քաղաքագետին (խոսքը Հրանտ Մելիք-Շահնազարյանի մասին է, ով վերագրվում է այդ հայտարարությունը -Tert.am), մենք մեր սահմանները պետք է պահենք անառիկ, մենք ինչ ինֆորմացիա ճիշտ ենք համարում հրապարակել՝ հրապարակում ենք, ինչը ոչ՝ չենք հրապարակում»:
Սեյրան Օհանյանը նշեց նաև, որ ադրբեջանական կողմի գործողությունները պետք է արձանագրեն միջազգային դիտորդները, իսկ հայկական կողմն այս տարիներին նախահարձակ չի եղել:
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլեկտրոնային լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, որոնց համաձայն հայկական կողմը իրականացրել է պատժիչ գործողություններ։ Լուրերը տարածվել էին նաև ադրբեջանական ԶԼՄ-ներով:









