Դասերը հաջորդական են լինում, կարևորը՝ վերջին դասն է ՀՀԿ խոսնակ

16:52 • 25.05.12

Հանրապետության նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը երեկ կուսակցության Գործադիր մարմնի նիստի ժամանակ որևէ դժգոհություն չի հայտնել և ՀՀԿ նախագահի, ինչպես նաև ԳՄ կարծիքը զետեղված է երեկ տարածված հայտարարության մեջ. այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը և հավելեց. «Հայտարարության մեջ դժգոհության նշույլ չկա, այլ հակառակը, միայն գոհունակության, երախտագիտության և կառուցողական հետագա աշխատանքի տարրեր կան»:

 

Նշենք, որ այսօրվա «Երկիր» օրաթերթը, հղում անելով հանրապետականներին, գրել էր, թե երեկ նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը նեղսրտած և զայրացած է եղել և մեղադրել է կուսակիցներին՝ շատ խոսելու և ոչինչ չանելու մեջ:


Ըստ մեկ այլ լրատվամիջոցի՝ «Հայացք» օրաթերթի՝ Հանրապետական կուսակցությունը կոալիցիոն կառավարության մաս կազմելու հարցով դիմել է «Ժառանգություն» կուսակցությանը` առաջարկելով նաև նախարարական պորտֆել, ինչին ի պատասխան «Ժառանգությունը» կտրականապես հրաժարվել է:

 

Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ո՛չ «Ժառանգությանը», ո՛չ որևէ այլ քաղաքական ուժի նախարարական պորտֆելներ չեն առաջարկվել, որովհետև ՀՀԿ-ում նման հարցեր չեն քննարկվել:

 

Այսուհանդերձ, ի պատասխան այն հարցի, թե նպատակահարմար համարո՞ւմ են «Ժառանգության» ներգրավումը քաղաքական կոալիցիայում, էդուարդ Շարմազանովը պատասխանեց.«Նախևառաջ, «Ժառանգությունը» պետք է հայտարարի՝ նպատակահարմար համարո՞ւմ է կոալիցիայում աշխատելը և Սերժ Սարգսյանին սատարելը։ Երբ կհայտարարի, որ սատարում է մեր ծրագրերը, և պատրաստ է պաշտպանել ՀՀԿ թեկնածուին, այն ժամանակ՝ կապրենք-կտեսնենք»:


Այդ դեպքում, ՀՀԿ խոսնակն ինչպե՞ս կմեկնաբանի ՀՀԿ հայտարարության այն նախադասությունը, թե ՀՀԿ-ն պատրաստ է համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ:


Ի պատասխան հարցին՝ ՀՀԿ խոսնակը նկատեց, որ համագործակցությունը միայն կոալիցիոն շրջանակներում է լինում: Կարելի է համագործակցել պետության և ազգի համար կարևոր՝ տարբեր հարցերի և նախաձեռնությունների շուրջ, այդ թվում՝ օրենսդրական:

 

ՀՀԿ խոսնակը անհասկանալի համարեց լրատվամիջոցներից մեկում արտահայտած այն միտքը, թե 5-րդ գումարման ԱԺ նախագահ լինելու է նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը, և հավելեց. «Նախ, նիստը փակ է եղել, և թերթերից որևէ մեկը ներկա չի եղել ԳՄ նիստին: Եվ երկրորդ, ո՞վ կլինի ԱԺ նախագահ, վարչապետ՝ կորոշի կուսակցության գործադիր մարմինը, նման որոշում վերջնական չի կայացվել: Պարզապես, պետք է ասեմ, որ թե՛ վարչապետի և թե՛ ԱԺ նախագահի պաշտոնները կշարունակեն տնօրինել ՀՀԿ ներկայացուցիչները»:

 

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ հենց Tert.am-ին հետ զրույցում ՀՀԿ խոսնակը հայտարարել էր, որ բոլոր կիսատ մնացած հարցերը կքննարկվեն և վերջնական լուծում կստանան «հաջորդ դասին»՝ այսինքն՝ ՀՀԿ ԳՄ մայիսի 24-ին հրավիրվելիք նիստում, ինչը տեղի չունեցավ:

 

«Դասերը հաջորդական են լինում, կարևորը՝ վերջին դասն է, ինչը կինի նախագահական ընտրություններին ՀՀԿ և իր առաջնորդի փառահեղ հաղթանակը»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը: