Պաշտոն բաժանելը, պաշտոնի առևտուրը մեզ հոգեհարազատ չէ. Էդուարդ Շարմազանով
Հայաստանի հանրապետական կուսակցության՝ ՀՀ 5-րդ գումարման խորհրդարան չմտած թեկնածուներին գործադիր օղակներում պաշտոններ բաժանելու հարցեր չեն քննարկվել. այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ի պատասխան այն հարցին, թե հնարավո՞ր է, որ նախարարական տեղեր և գործադիր օղակներում այլ պաշտոններ տրվեն այն հանրապետականներին, ովքեր ԱԺ չեն մտնում:
«Պաշտոն բաժանելը, պաշտոնի առևտուրը մեզ հոգեհարազատ չէ»,- ասաց ՀՀԿ խոսնակը՝ հիշեցնելով, որ նախորդ՝ 4-րդ գումարման ԱԺ-ում էլ բազմաթիվ հանրապետականներ, այսպես ասած, դուրս էին մնացել անցողիկ տեղերից, մինչև որ «նրանց հերթն էլ հասավ», ինչը հնարավոր եղավ պատգամավորների՝ այլ պաշտոններ ստանձնելու արդյունքում։
Հիշեցնենք, որ ՀՀԿ կորիզը ներկայացնող մի շարք հանրապետականներ, զբաղեցնելով կուսակցության համամասնական ցուցակի վերջին հորիզոնականները, այս պահի դրությամբ չեն մտնում խորհրդարան: Այդպիսիք են ՝ Հովհաննես Սահակյանը, Սուքիաս Ավետիսյանը, Գագիկ Մելիքյանը, Վազգեն Կարախանյանը և Ռաֆիկ Պետրոսյանը:









