ՄԱԿ-ը դատապարտում է ՀՀ–ում գենդերային ինքնության դեմ անհանդուրժողականությունը
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը դատապարտում է Հայաստանում անհատների և խմբերի նկատմամբ վերջին բռնությունների և անհանդուրժողականության արտահայտումներն ու գործողությունները` հիմնված սեռական դիրքորոշման և գենդերային ինքնության վրա:
Այսօր տարածած հայտարարությունում նշվում է, որ այսպիսի արտահայտումներն ու գործողությունները երբեք և ոչ մի պարագայում չեն կարող արդարացվել, և հասարակական դիրքը չպետք է օգտագործվի որպես խտրականության և անհանդուրժողականության խթանման գործիք:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և մարդու իրավունքներին վերաբերող այլ փաստաթղթերը, որոնց Հայաստանը անդամակցել է, հաստատում են պետությունների կողմից հստակ պարտավորվածություններ` պաշտպանելու մարդկանց խտրականությունից` սեռական կամ այլ կարգավիճակի վրա հիմնված: Մարդու համընդհանուր իրավունքները միշտ գերակայում են, երբ նույնիսկ լարվածություն կա մշակույթի և մարդու համընդհանուր իրավունքների միջև, ասվում է հայտարարությունում:
«Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպությունը կոչ է անում հայաստանյան իշխանություններին հետամուտ լինել այս բնագավառում անպատժելիության ներկայիս մթնոլորտի վերացմանը` այս գործողությունները արագ և խորապես հետաքննելով, և ապահովել բոլորին ազգային ու միջազգային փաստաթղթերով երաշխավորված պաշտպանությունը»,– նշվում է հայտարարությունում:









