ԱՄՆ կրճատել է Պակիստանին տրամադրվող օգնությունը՝ Ուսամա բեն Լադենին հայտնաբերած բժշկի դատավճռի պատճառով

00:53 • 25.05.12

Ամերիկյան օրենսդիրները 33 մլն ԱՄՆ դոլարով կրճատել են Պակիստանին տրամադրվող օգնությունը: Մեկական միլիոն յուրաքանչյուր տարվա համար, որ պետք է բանտում անցկացնի բժիշկ Շակիլ Աֆրիդին, ով առանցքային դեր է խաղացել Ուսամա բին Լադենի ձերբակալության մեջ: Այդ որոշումը ձևակերպվել է որպես այլ երկրներին օգնություն ցուցաբերելու օրենսդրական փոփոխություն, որը և միաձայն ընդունվել է այսօր ԱՄՆ Սենատի կողմից:


ԱՄՆ կոնգրեսականները այդ կերպ իրենց վրդովմունքն են արտահայտել պակիստանցի բժշկի դատավճռի հանդեպ: Աֆրիդին չորեքշաբթի 33 տարվա ազատազրկման էր դատապարտվել հայրենիքի դավաճանության մեղադրանքով:


Սենատի հաստատմանն է ներկայացված Պակիստանին օգնություն տրամադրելու օրենսդրական ակտը, որով 1.4 մլրդ ԱՄՆ դոլարի ֆինանսավորում պետք է տրամադրվի, սակայն ամերիկյան օրենսդիրները կթույլատրեն այդ ֆինանսավորումը միայն այն ժամանակ, երբ Իսլամաբադը թույլատրի իր տարածքով Աֆղանստան գնացող ռազմական բեռների տարանցումը:


«Պակիստանը մեզ պետք է, և մենք էլ պետք ենք Պակիստանին: Սակայն մեզ երկակի խաղեր վարող Պակիստան պետք չէ», - ասել է օրենսդրական փոփոխության հեղինակ, սենատոր Լինդսի Գրեմը: