Վատիկանի բանկի տնօրենը հեռացվել է պաշտոնից փողերի լվացման համար
Վատիկանի բանկի` Կրոնական գործերի ինստիտուտի տնօրեն Էտորե Գոտի Տեդեսկին, կառույցի գործունեությունը վերահսկողների կողմից անվստահության քվե ստանալով, հեռացվել է աշխատանքից, հաղորդում է Associated Press-ը:
Գոտի Տեդեսկիի` անվստահության քվե ստանալու պատճառը փողերի լվացումը և աշխատանքային պարտականությունների պատշաճ չիրագործումն է:
Նախկին տնօրենը ընդունել է, որ ինքն իսկապես թերացել է իր աշխատանքային պարտականություններն իրագործելու հարցում ` շաբաթական ընդամենը 2 օր բանկ գալով, փոխարենն ավելի շատ կենտրոնանալով Միլանում իսպանական Santander բանկի մասնաճյուղի տնօրենի իր աշխատանքի վրա: Բացի այդ պարզվել է, որ Գոտի Տեդեսկին Վատիկանի գաղտնի փաստաթղթերն իր անձնական և քաղաքական շահերի համար է օգտագործել:
Այժմ հետաքննություն է սկսվել, որը կընթանա բարձրաստիճան կարդինալների հսկողության ներքո: Ներկայում Վատիկանի բանկի խորհուրդը զբաղված է նոր տնօրենի փնտրտուքներով:









