Ոստիկանությունը շնորհավորում է «Վերջին զանգը», բայց նաև հորդորում անել ամեն ինչ, որ այդ քայլը միշտ պայծառ հիշվի

12:10 • 25.05.12

Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել՝ շնորհավորելով շրջանավարտների «Վերջին զանգը» և հորդորելով անել ամեն ինչ, որպեսզի ոչինչ չմթագնի օրվա տոնականությունը: Ներկայացնում ենք այն ստորև.


Այսօր հանրապետության դպրոցներում կհնչի «Վերջին զանգը», ու երեկվա աշակերտները կգնան իրենց երազանքների ճանապարհով:


Այս ավանդական, բայց և ամեն անգամ նոր ու անկրկնելի տոնը միայն դպրոցականներինը չէ, բոլորինս է, ուրեմն և բոլորով պետք է անենք առավելագույնը, որպեսզի ոչինչ չմթագնի օրվա տոնականությունը:


Ոստիկանությունը նույնպես ողջ ծավալով իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իրենց գործառույթները` տոնական հանդիսությունների վայրերում մասնակիցների անվտանգությունն ու պատշաճ կարգուկանոնը ապահովելու համար:


Մեր երեխաներն այսօր առաջին քայլն են անում ինքնուրույն կյանքի ճանապարհին. անե՛նք ամեն ինչ, որ այդ քայլը միշտ պայծառ հիշվի:
Սիրելի՛ դպրոցականներ, սրտանց շնորհավորում ենք ձեզ «Վերջին զանգի» անմոռանալի տոնի առթիվ:
Մաղթում ենք հույս, հավատ, սեր` ձեր բոլոր ձեռնարկումներում:


Թող լույսն առաջնորդ լինի ձեր ընթացքին, և հաջողությունը պսակի ձեր նպատակները` այս գեղեցիկ օրվա նշանի ներքո: Աստված ձեզ պահապան: