ՀԱԿ–ը կառավարության ձևավորումից հետո կանցկացնի իր հերթական հանրահավաքը
Հայ ազգային կոնգրեսը արտախորհրդարանական ընդդիմությունից չի վերածվում միայն խորհրդարանական ընդդիմության, այսինքն՝ մանդատները վերցնելով նա չի դադարի պայքարել նաև փողոցում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:
«Հայտարարում եմ, ոչ մենք շատ շուտով կառավարության ձևավորումից հետո կանցկացնենք մեր հերթական հանրահավաքը, որտեղ ունենք լուրջ ասելիքներ ժողովրդին: Մեր հանրահավաքային, փողոցային պայքարը շարունակվելու է ուղիղ այնքան ժամանակ, մինչև Հայաստանում տեղի ունենան ազատ և արդար ընտրություններ»,- ասաց նա և ավելացրեց, որ միայն այդ դեպքում կարելի է համաձայնվել ընտրությունների արդյունքների հետ և համարել, որ փողոցային պայքարն այլևս անիմաստ է և պետք է քաղաքական պայքարով շարունակել:
Լևոն Զուրաբյանը դեռևս չի կարող ասել, փողոցային պայքարում կշարունակեն արտահերթ ընտրություն պահանջել, թե ոչ: «Երբ որ կձևավորենք մեր քաղաքական օրակարգը, մեր ժողովրդին արդեն կհայտնենք՝ արտահերթ ընտրություններ կպահանջենք, թե հերթականում օրինականություն կպահանջենք, կպահանջենք մենաշնորհների վերացում, թե այլ հարցեր, որոնք հուզում են մեր ժողովրդին, դա արդեն օրակարգի հաստատումից հետո պարզ կլինի»,-ասաց նա:
Զուրաբյանը կրկին անգամ հաստատեց, որ մանդատները վերցնելու և ընտրությունները վիճարկելու միջև ոչ մի հակասության չկա, քանի որ ՀԱԿ-ի 7 մանդատներն «անվիճելի են և դրանք ստացել են ժողովրդի զուլալ ձայներից», իսկ քանի որ ընտրակաշառքների և սպառնալիքների միջոցով իրենցից առնվազն 43 մանդատ գողացել են, ապա գնում են դրանք վերադարձնելու նպատակով:









