Դավիթ Բեկի պողոտայում իրար են բախվել Ոստիկանության «Սամանդն» ու տաքսի ավտոմեքենան. կան վիրավորներ (լուսանկարներ)

22:29 • 26.05.12

Այսօր, մայիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ժամը 22։00-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում իրար են բախվել տաքսի ծառայությանը պատկանող «Սամանդ» մակնիշի Տ 58 02 համարանիշի և «Սամանդ» մակնիշի ոստիկանական 392 ՈՍ 02 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարից հետո ոստիկանական «Սամանդը» դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանն ու ցուցանակին։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, մեկ հոգի տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Գագիկ Շամշյանը հայտնում է, որ ոստիկանական նշված ավտոմեքենան պատկանում է Ոստիկանության պարեկապահակային ծառայության Էրեբունու բաժնին։

Այս պահին դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի և Էրեբունու բաժնի աշխատակիցները։

Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արտաշես Վանյանը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվելու են Երևանի ՃՈ տուգանային հրապարակ։
Փաստի առթիվ ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Գագիկ Շամշյանը հայտնում է, որ, հավանաբար, նախապատրաստած նյութերը կուղարկվի Հայաստանի հատուկ քննչական ծառայություն։

Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ վիրավորները մեկից ավելի են, ինչը, պետք է պարզի քննության բաժինը։

Կարճ ժամանակում վթարի վայր է ժամանել «Գառանտ լիմենս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։

 

 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի