Ադրբեջանը, մեծ հավանականությամբ, Թուրքմենստանի դեմ պատերազմ կսկսի. փորձագետ
Մեծ հավանականությամբ, Ադրբեջանը Թուրքմենստանի դեմ պատերազմ կսկսի. այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ թեևԱդրբեջանը հակամարտության մեջ է գտնվում իր բոլոր հարևանների հետ, սակայն Թուքմենստանի պարագայում խնդիրն ավելի լուրջ բնույթ է ստանում: Ըստ փորձագետի, Ադրբեջանը Թուրքմենստանի հետ՝ «նավթ կիսելու խնդիր ունի», իսկ նավթը Ադրբեջանի սնուցման միակ աղբյուրն է:
«Ադրբեջանի սնուցման աղբյուրը նավթն է, իսկ քանի որ կա այդ աղբյուրը Թուրքմենստանի հետ կիսելու խնդիր, ապա ինչքան էլ փորձ արվի քողարկել Թուրքմենտանի շուրջ պրոբլեմը, այն կարող է շատ լուրջ զարգացումներ ունենալ»,-նկատեց փորձագետը:
Նա նշեց, որ բացի հարևան Ռուսաստանից, Ադրբեջանը կարող է նաև Վրաստանի և Իրանի հետ պատերազմի մեջ մտնել, սակայն նման ռազմական հնարավոր բախումը մեծապես կախած է Արևմուտքից և ՌԴ-ից.«Այս երկու ուժերը կարող են ստիպել Ադրբեջանին, խնդիրը լուծել բանակցային տարբերակով»:
Ըստ նրա, շատ կարևոր է ճիշտ լուսաբանել հարևանների հետ Ադրբեջանի ունեցած հարաբերությունները: Պետք է նշել, որ Ադրբեջանը ոչ թե ուղղակի խնդիրներ ունի իր հարևանների հետ, այլ հակամարտություններ: Փորձագետը նկատում է, որ այս հարցում պետք չէ արցախյան հիմանահարցն առանձնացնել մյուս բոլոր խնդիրներից:
«Մենք պետք է կարողանանք ցույց տալ, որ արցախյան հիմնախնդիր՝ որպես այդպիսին, չկա: Թուրքերը խնդիր ունեն բոլորի հետ: Պարզապես, ԽՍՀՄ-ից հետո միայն ղարաբաղյան կոնֆլիկտն է զարգացում ունեցել»,-նշեց փորձագետը:
Վերջինիս կարծիքով, հարևան պետությունների հետ լարված հարաբերություններ ունենալու հարցում մեղքը Ադրբեջանինն է, քանի որ այդ երկիրն ինքն է ստեղծել խնդիրներ, իսկ մաքսիմալիստական ձգտումները մշտապես բնորոշ են արհեստական պետություններին:
Արծրուն Հովհաննիսյանն ընդգծեց, որ Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ խնդիրներն այդչափ դրսևորված չեն եղել որչափ այսօր:
Ադրբեջանի գործողություններին առաջին վստահություն ներշնչողն, ըստ Հովհաննիսյանի, այդ երկրի զինակից Թուրքիան է, ինչից ոգևորված Ադրբեջանը կարող է «լկտիությամբ զինվել»:









