Խորհրդակցություն՝ Սպորտի և երիտասարդության նախարարությունում

05:27 • 26.05.12

 ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում մայիսի 25-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի, Երևանի վարչական շրջանների, ԼՂՀ սպորտի ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ:

 

Խորհրդակցությունը վարել է ՀՀ սպորտի և երիտասարդությւան հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը: Նիստի օրակարգում ընդգրկված են եղել հետևյալ հարցերը.


1. ՀՀ մարզերում, ԼՂՀ-ում և Երևան քաղաքում 2012 թվականին
անցկացվելիք մարզական մասսայական միջոցառումներ`
* ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում «Մարզական փառատոնի» անցկացում.


* ՀՀ Նախագահի մրցանակի համար`
- «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթ,


* «Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության ռազմամարզական խաղեր».


* ՀՀ Նախագահի մրցանակի համար`
- «Լավագույն քաղաքային մարզական համայնք»,
- «Լավագույն գյուղական մարզական համայնք»,
- «Լավագույն մարզական բակ» ստուգատեսներ.


* ՀՀ վարչապետի մրցանակի համար «Ֆուտբոլի գավաթի խաղարկություն»:


Նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանն ընդգծել է, որ մասսայական սպորտի զարգացման և առողջ ապրելակերպի գաղափարների տարածումը հանդիսանում է պետական ռազմավարական քաղաքականության կարևոր կետերից մեկը և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը 2012 թվականին նախատեսված միջոցառումների շարքն իրականացվում է հենց այս համատեքստում:


Խ.Ասրյանը խորհրդակցության մասնակիցներին տեղեկացրել է, որ հունիս-հուլիս ամիսներին ընթանալու են «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի առաջին և երկրորդ փուլերը, իսկ եզրափակիչ փուլը նախատեսված է իրականացնել հուլիսի երկրորդ տասնօրյակում:


Փոխնախարարը հույս է հայտնել, որ նախարարության և համայնքային մարմինների համապատասխան ստորաբաժանումների համակարգված ու արդյունավետ աշխատանքի արդյունքում նախորդ տարի մրցույթին մասնակցած 1.122 ընտանիքների թիվն այս տարի անհամեմատ ավելանալու է: