Սյունիքի մարզպետի աներձագը «Մերսեդես Բենց Ջի 500»-ով բախվել է «ՎԱԶ 21 074»-ին

14:34 • 26.05.12

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Վանիկ Սաղոյանի կողմից նյութեր են նախապատրաստվել մայիսի 3-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։

 

Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը` ժամը 23.40-ի սահմաններում, Երևան–Երասխ–Գորիս–Մեղրի միջպետական ավտոճանապարհի 222-րդ կմ–ի հատվածում, Գորիսի բնակիչ, 39-ամյա Վարդան Բարսեղյանը, վարելով «Մերսեդես Բենց Ջի 500» մակնիշի 77 NL 077 համարանիշի ավտոմեքենան ճանապարհի մառախլապատ լինելու պատճառով դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Գորիսի բնակիչ, 29-ամյա Էդգար Նիկողոսյանի վարած «ՎԱԶ 21 074» մակնիշի 08 ՏՏ 677 համարանիշի ավտոմեքենային, ինչից հետո «Մերսեդես Բենց Ջի 500»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում:

 

ՃՈ հետաքննիչ Վ.Սաղոյանի կողմից կատարված աշխատանքների արդյունքում պարզվում է, որ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չեն եղել:

 

Գագիկ Շամշյանը հայտնում է, որ «Մերսեդես Բենց Ջի 500»-ի վարորդը եղել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի աներձագը, ով աշխատում է «Տաթև» ՀԷԿ-ում, իսկ վթարից մեկ շաբաթ անց վնասված «Մերսեդես Բենց Ջի 500»-ը տեղափոխվել է Երևան, և մարզպետի «դաբրոյով» նոր «Մերսեդես Բենց Ջի 500» է տեղափոխել Գորիս: