Բաքվում ուժով ցրել են ընդդիմության ցույցը, կան տասնյակ ձերբակալվածներ (լուսանկարներ, տեսանյութ)
Ադրբեջանի ընդդիմադիր «Հանրային պալատը» երեկ Բաքվում հերթական հակակառավարական բողոքի ակցիան է փորձել անցկացնել: «Ժողովրդական զբոսանք» կատարելու համար ադրբեջանցի տասնյակ ընդդիմադիրները հավաքվել են Բաքվի ազգային զբոսայգում:
Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը, նրանք վանկարկել են «ազատություն», պահանջել Իլհամ Ալիևի հրաժարականը:
Ոստիկանությունը` ի դեպ հիմնականում քաղաքացիական հագուստով, դիմել են բռնության և քաղաքացիներին ուժի գործադրմամբ նստեցրել մեքենաները և հեռացրել քաղաքից: Կան տասնյակ ձերբակալվածներ:
«Մենք միայն ժողովրդավարական ընտրություններ ենք պահանջում: Ուզում ենք ազատ հավաքվելու իրավունք ունենալ»,- «Ազատություն» ռադիոկայանին ասել է ընդդիմադիր կանանցից մեկը:
Հիշեցնենք, որ երեկ «Եվրախորհրդարանը բանաձև էր ընդունել` պահանջելով անհապաղ դադարեցնել Ադրբեջանում խոսքի և հավաքների ազատության սահմանափակումները:
Բանաձևում ասվում էր, որ «Եվրատեսիլ» մրցույթի անցկացումը Բաքվում` մայիսի 26-ին, պետք է հնարավորություն տա Ադրբեջանին` ապացուցելու, որ երկիրը ձգտում է ժողովրդավարացման և մարդու իրավունքների պաշտպանության ապահովմանը:
Հերթական բռնությունները Բավքում տեղի են ունեցել հենց «Եվրատեսիլի» հյուրերի աչքի առաջ:









