Չինացի կույր այլախոհ Չեն Գուանչենի եղբայրն անհետացել է Չինաստանում. New York Post
Չինացի կույր այլախոհ իրավապաշտպան Չեն Գուանչենի ավագ եղբայրն անհետ կորել է Չինաստանի տարածքում, հաղորդում է New York Post պարբերականը:
Չեն Գուանֆուն անհետացել է երկու օր առաջ: Հայտնի է, որ նա ընտանիքի հետ մեկնել է Պեկին, սակայն մայրաքաղաք հասնելուց հետո նրա մասին այլևս տեղեկություններ չեն ստացվել, պարբերականին հաղորդել է Գուանչեն ընտանիքի դատապաշտպանը:
Դատապաշտպանը չի բացառում, որ Գուանֆուն կարող էր ձերբակալված լինել իշխանությունների կողմից` ողջ աշխարհում մեծ հնչեղություն ստացած, իր եղբոր պատմության պատճառով:
Չեն Գուանչենը, ով կնոջ և երկու երեխաների հետ մայիսի 19-ին է Պեկինից ԱՄՆ մեկնել Չինաստանի իշխանությունների հետ խնդիրներ ունենալուց հետո, նախկինում բազմիցս հայտարարում էր, որ իր ընտանիքի անդամները իշխանությունների կողմից բռնաճնշումների են ենթարկվում և մտավախություններ ունի Չինաստանում մնացած իր բարեկամների անվտանգության համար:
Պարբերականը նշում է, որ Գուանչենի մեկնումից հետո, եղբոր տունը ոստիկանական խուզարկությունների էր ենթարկվել:









