«Մուսուլման եղբայրները» կոչ են անում փրկել հեղափոխությունը

11:00 • 26.05.12

Եգիպտոսի «Մուսուլման եղբայրները» այդ երկրի քաղաքական ուժերին կոչ են արել երկխոսություն սկսել` «հեղափոխությունը փրկելու» համար:
 

Նրանց համոզմամբ` նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիկի` նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցնելու փաստը վտանգի տակ է դնում Եգիպտոսում տեղի ունեցած իշխանափոխությունը:
 

«Այսօր փորձ է արվում նոր տեսքով վերականգնելու նախկին ռեժիմը: Բայց մեր ժողովուրդը, հեղափոխական ուժերը նրան այդ հնարավորությունը չեն տա»,- ասված է իսլամիստների տարածած հաղորդագրությունում։
 

Նրանք քաղաքական և հեղափոխական ուժերին  հրավիրել են` միասին քննարկելու Եգիպտոսի ապագան` փրկելու համար հեղափոխությունը:

 

Հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ «Մուսուլման եղբայրների» թեկնածու Մուհամմեդ Մուրսին և նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիկն անցել են նախագահական ընտրությունների երկրորդ փուլ:

Շաֆիկը եղել է նախկին նախագահ Հուսնի Մուբարաքի պաշտոնավարման ընթացքում վերջին վարչապետը: Ավելի վաղ նա ծառայել է եգիպտական ավիացիոն ուժերում, ապա 9 տարի եղել է քաղավիացիայի նախարարը: