ԵԽԽՎ զեկույցը մեր երկրի համար որևէ իրավական հետևանք չի կարող ունենալ. Կարեն Բեքարյան
Մայիսի 25-ին ԵԽԽՎ լիագումար նիստում՝ Հայաստանում ԱԺ ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար բարոնուհի Էմմա Նիքոլսոնի ներկայացրած զեկույցը, Հայաստանի համար որևէ ուղղակի, իրավական հետևանքներ չի կարող ունենալ, այս մասին Tert.am-ի հետ զրույցում զեկույցի մասին նման կարծիք հայտնեց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը:
Ըստ նրա՝ հետևանքը կարող է լինել քաղաքական ֆոնի տեսանկյունից, բայց դա էլ, գրեթե, զրոյական հավանականություն ունի՝ հաշվի առնելով, որ զեկույցը չի համընկնում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցի հետ, որի վերջնական տարբերակը դեռ սպասվում է:
Հիշեցնենք, որ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի ունեցած ԵԽԽՎ Մոնիտորինգային հանձնաժողովի հերթական նիստում՝ մայիսի 6-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար բարոնուհի Էմմա Նիքոլսոնի ներկայացրած զեկույցը բավականին կոշտ է եղել, ինչը առաջացրել է ՀՀ պատվիրակության ղեկավար, ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանի դժգոհությունը և վերջինս այն որակել է այսպես՝ «լի է մանիպուլյացիաներով»:
Ակնկալվում է, որ զեկույցը, այսպես ասած, «ընթացակարգային առումով» շարունակություն կունենա, այսինքն՝ մոնիտորինգի տակ գտնվող Հայաստանի վերաբերյալ յուրաքանչյուր հարցի քննարկման ժամանակ դրան անդրադարձ կարվի ԵԽԽՎ Մոնիտորինգային հանձնաժողովում:
Ըստ Կարեն Բեքարյանի, եթե նույնիսկ այդպես լինի, ապա Հայաստանի վրա ազդեցություն կունենա ընդհանուր մոնիտորինգին առնչվող հարցերի համատեքստում:
«Կարծում եմ՝ զեկույցը Մոնտիտորինգային հանձնաժողովի քննարկման կմտնի այն ժամանակ, երբ կհրապարակվի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցը, և քանի որ ինստիտուցիոնալ առումով կա այսպիսի ընդունված աշխատաոճ, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացրած վերջնական զեկույցները՝ գրեթե միարժեք ընդունվում են եվրոպական բոլոր կառույցների կողմից, ապա այդ ժամանակ ավելի գերակա է դառնալու նրանում եղածը, քան սրանում, (խոսքը ԵԽԽՎ-ի զեկույցի մասին է - Tert.am), քանի որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն է համարվում ընտրությունների պատասխանատու կառույցը»,- մեկնաբանեց Կարեն Բեքարյանը:
«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի նախագահը նաև իր տարակուսանքը հայտնեց այն կապակցությամբ, որ մայիսի 25-ին հրապարակված զեկույցը տարբերվում է մայիսի 7-ին ԺՀՄԻԳ-ի կողմից հրապարակված նախնական զեկույցից, և հայտարարեց.«Հրապարակված փաստաթղթերի՝ միմյանց համահունչ լինելու համար կան շատ հստակ հիմնավորումներ: Այն, ինչ մենք անվանում ենք ԺՀՄԻԳ-ի նախնական զեկույց, հրապարակվել է ոչ միայն ԺՀՄԻԳ-ի կողմից, այլև որպես միջազգային դիտարկման զեկույց է ներկայացվել 4 կառույցների՝ ԺՀՄԻԳ-ը, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողով, Եվրոպական խորհրդարան և ԵԽԽՎ կողմից: Հետևաբար, բառացի «պայմանական» ասված ԺՀՄԻԳ զեկույցը նաև ԵԽԽՎ զեկույցն է»:
Կարեն Բեքարյանը նշեց նաև, որ ընտրությունների ընթացքում կարճաժամկետ առաքելությամբ Հայաստանում գտնվող 349 դիտորդներից, ընդամենը, 25-ն են եղել ԵԽԽՎ-ից: Հետևաբար, անգամ քանակական դիտարկման տեսանկյունից նոր կամ առանձին կարծիք հայտնելու անհրաժեշտություն չի առաջանում:
Ամփոփելով վերը նշվածը, Կարեն Բեքարյանը հավելեց՝ կլիներ և՛ տրամաբանական, և՛ բնական, եթե ԵԽԽՎ հանձնաժողովի զեկույցը որևէ տարբերություն կամ առնվազն էական տարբերություն չգրանցեր ԺՀՄԻԳ-ի ներկայացրած զեկույցից: Սակայն, ինչպես տեսնում ենք, տարբերություններն ակնհայտ են»:
Թե ինչո՞վ են դրանք պայմանավորված, ըստ Կարեն Բեքարյանի, կարճ ժամանակահատվածում իրական պատճառը հասկանալի կդառնա: Մասնավորապես, թե ի՞նչն է ստիպել բարոնուհուն ներկայացնել աղավաղված զեկույց:
Ինչպես հաղորդում է Panorama.am-ը, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը երեկ իր ելույթում նշել է, որ զարմացած և տարակուսած է ՀՀ ԱԺ ընտրությունների մասին ԵԽԽՎ դիտորդական առաքելության գնահատականներից։
Ըստ լրատվամիջոցի, արձագանքելով զեկույցում արձանագրված «ընտրացուցակների վերաբերյալ անճշտությունների» մասին պնդումներին, Դավիթ.Հարությունյանը ընդգծել է. «... Հայաստանն ընտրողների ճշգրիտ ցուցակներ կազմելու գործում նշանակալի հաջողություններ է արձանագրել` հետևելով Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկություններին: Զեկույցի բոլոր մեղադրանքները մակերեսային են, և անտեսում են հայաստանյան իշխանությունների ցանկացած ողջամիտ բացատրություն»:
Դավիթ Հարությունյանը հայտարարել է նաև , որ լիազորված է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ին հրավիրել՝ իրականացնելու հետընտրական առաքելություն՝ «այս կողմնակալ և անարդար զեկույցի վնասակար ազդեցությունը նվազեցնելու համար»:
Հարցին, թե ի՞նչ է նշանակում «հետընտրական առաքելություն» և ո՞ր դեպքերում է այն կիրառվում, Կարեն Բեքարյանը պատասխանեց.«Հետընտրական առաքելություն, իհարկե, կիրառվում է, բայց խոսքն այս դեպքում պետք է պատկերացնել, որ իր էությամբ ինչ-որ նոր տարրի է վերաբերում, որովհետև հետընտրական ասելով, եթե նայում ենք փորձին, հասկանում ենք այսպես. մնում է առաքելության որոշ հատվածը կամ գնում է, ապա վերադառնում և հետևում ընտրության արդյունքներին՝ աղյուսակավորում, տեղեկատվություն իրականացնում, ներառյալ մինչև մանդատների ստացումը, նաև ուսումնասիրում ժողովրդի ռեակցիան: Այստեղ նաև նոր էլեմենտ է մտնում, ինչը վերաբերում է ցուցակային հարցերին»:
Ըստ «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահի՝ իմաստային առումով սա հնչում է այսպես՝ «ուզո՞ւմ եք անել հետընտրական մոնիտորինգ, արեք, մենք պատրաստ ենք, անգամ ամենացավոտ հարցի վերաբերյալ հետընտրական մոնիտորինգ իրականացնել»:









