Խաչիկ Գալստյանին զվարճացնում են իր՝ Բաղրամյան 26 այցելելու մասին լուրերը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը զվարճալի է համարում այսօրվա «Երկիր» օրաթերթի այն լուրը, թե ինքը երկու անգամ, առանց Ծառուկյանին տեղեկացնելու, գնացել է Բաղրամյան 26, ինչի մասին իմացել է ԲՀԿ նախագահը և խիստ զայրացել:
«Սա մամուլի մի շարք հրապարակումների շարունակությունն է, նույն սերիայից է, ինչպես օրինակ մամուլում հայտնվեցին՝ «Ո՞ւմ թելն է թելում Խաչիկը» կամ «Օսկանյանին՝ չխոչընդոտողը» հոդվածները»,- Tert.am-ին ասաց Խաչիկ Գալստյանը:
Ի պատասխան մեր այն հարցի, թե ինքնաբացարկի դիմում ներկայացնելուց հետո էլ է՞ շարունակում կատարել խոսնակի պարտականությունները՝ վերջինս դրական պատասխան տվեց:
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը մայիսի 24-ին, Հայաստանի հանրապետական կուսակցության հետ կոալիցիա չկազմելու մասին իր հայտարարությունից անմիջապես հետո մեկնել է հանրապետությունից, մամուլում նշվում է նաև ԲՀԿ առաջնորդի ուղևորության աշխարհագրությունը՝ Բելառուս կամ Ռուսաստանի Դաշնություն:
Ի պատասխան՝ Խաչիկ Գալստյանը նշեց, որ Գագիկ Ծառուկյանն արտերկրում է: Ինչ վերաբերում է վերադարձի ժամկետին, ապա խոսնակն ասաց՝ տեղեկացված չէ:
Անդրադառնալով մեր այն հարցին, թե ԲՀԿ քվոտայով դեռևս պաշտոնավարող չորս նախարարները՝ Հարություն Քուշկյանը, Վարդան Վարդանյանը, Արթուր Պետրոսյանն ու Արթուր Գրիգորյանը, հետագայում ինչո՞վ են զբաղվելու, քանի որ ինքնաբացարկների արդյունքում ոչ պատգամավոր են լինելու, և ոչ էլ նախարար, Խաչիկ Գալստյանն ասաց.«Նրանք կզբաղվեն կուսակցական աշխատանքներով»:
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ում կան մեծ թվով գործարար պատգամավորներ, որոնք, ըստ մամուլի տեղեկությունների, այնքան էլ գոհ չեն Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքական կոալիցիայի մաս չկազմելու որոշումից, քանի որ ինչպես հաղորդվում էր «Հրապարակ» օրաթերթը, այդ որոշման արդյունքում ստիպված են լինելու դուրս գալ ստվերից և աշխատել հարկային դաշտում:
Որոշ ներքաղաքական վերլուծաբաններ նույնիսկ ակնկալում են, որ Ծառուկյանի կուսակցության հետ կկատարվի այն, ինչ ժամանակին եղավ Արթուր Բաղդասարյանի «Օրինաց երկրի» հետ, երբ վերջինս ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարական տվեց և գնաց ընդդիմադիր դաշտ. այն ժամանակ, բազմաթիվ ՕԵԿ-ականներ բաց տեքստով հայտարարեցին, որ իրենք չեն կարող լինել ընդդիմություն:
Ի պատասխան հիշյալ դիտարկմանը, Խաչիկ Գալստյանը հայտարարեց. «Վստահ եմ, որ մեր կուսակցականները կանեն այն, ինչ կորոշի քաղխորհուրդը՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ»:









