Սարդարապատի ճակատամարտը ազդեց Առաջին համաշխարհայինի ելքի վրա. քաղաքագետ
1918թվականին տեղի ունեցած Սարդարապատի ճակատամարտը, որի հաղթանակից հետո ստեղծվեց Հայաստանի առաջին հանրապետությունը, իր հսկայական ազդեցությունն ունեցավ առաջին համաշխարհային պատերազմի ելքի վրա, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
Քաղաքագետը նշեց, որ այդ մասին փաստում են նաև օտարերկրյա քաղաքական և ռազմական գործիչները: Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ջեյմս Ջերարդը 1919 թվականին ԱՄՆ կառավարությանը ներկայացրած տեղեկագրում գրել է, որ ամերիկացիները պետք է հասկանան, թե ինչ կլիներ, եթե հայերը չկռվեին թուրքական զորքի դեմ:
«Ամերիկացիները պետք է մի վայրկյան կանգ առնեն և խորհեն, թե ինչպիսի՞ ելք կունենար պարտերազմը, եթե թուրքերը ութ ամիս առաջ հասնեին Բաքու: Եվ թուրքերն ավելի կանուխ կհասնեին, եթե հայերը չդիմադրեին»,- նկատեց Լևոն Շիրինյանը:
Նրա խոսքով, հայերը 214 օր, այսինքն՝ 1918-ի փետրվարի 12-ից մինչև սեպտեմբերի 14-ը, Երզնկայից մինչև Բաքու, համառ ու դաժան կռիվներով պայքարել են թուրքական բանակի դեմ:
Սարդարապատի ճակատամարտից հետո կնքվեց Բաթումի դաշնագիրը, այնուհետ, հունիսի 4-ին Հայաստանը դարձավ միջազգային իրավունքի սուբյեկտ:
Քաղաքագետ Շիրինյանը նշեց, որ Բաթումի դաշնագրից հետո թուրքական բանակը շարժվեց Բաքու` ճանապարհին ոչնչացնելով հայությանը:
«Թուրքերը մտածում էին, որ Բաքվում կհաղթեն, դրա համար չեն շարունակում Սարդարապատում կռվել հայերի դեմ»,- պարզաբանեց նա:
«Եթե հայերը 8 ամիս շարունակ չկռվեին թուրքական բանակի դեմ, դժվար է ասել, թե ինչ կլիներ համաշխարհային քաղաքակրթության հետ»,- ասաց Շիրինյանը՝ ներկայացնելով գերմանական բանակի հրամանատար Ֆոն Լյուդենդորֆի խոսքերը:
«Անդրկովկասում կռվող միակ ուժը հայկական ուժն էր, որը շրջեց համաշխարհային պատերազմի ելքը: Իսկ պատերազմի վերջնական ելքը վճռվեց օգոստոսի 8-ին, երբ գերմանական բանակը Փարիզում ջախջախվեց»:
Լ. Շիրինյանը նշեց, որ Հայաստանի առաջին հանրապետությունը 71. հազար ք/մ տարածքով, աստիճանաբար զարթոնք ապրեց, հզորացնելով, նախ և առաջ, բանակը` հասցնելով 45.000 միավորի:









