Վարչապետն ընդունել է ԱՄՆ «Կազմակերպությունների ազգային էթնիկ կոալիցիայի» պատվիրակությանը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ «Կազմակերպությունների ազգային էթնիկ կոալիցիայի» (NECO) նախագահ Նասեր Կազիմիի գլխավորած պատվիրակությանը:
«Մեզ համար կարևոր են այն ուղղությունները, որոնք դուք ներկայացնում եք ողջ աշխարհում: Մեր կառավարության կարևոր գերակայություններից է կրթական համակարգը և գիտեմ, որ այս ոլորտը նաև ձեր ուշադրության կենտրոնում է»,- ըստ Կառավարության հաղորդագրության ասել է վարչապետը:
ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ զրուցակիցներն անդրադարձել են մեր երկրի կրթական համակարգում իրականացվող բարեփոխումներին և ծրագրերին, NECO–ի և Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի միջև համագործակցությանը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը և այլ հարցերի:
Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և Նասեր Կազիմիին մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:
NECO-ն ոչ կառավարական կազմակերպություն է և ստեղծվել է 1986 թվականին: Այն աջակցում է կրթական և առողջապահական տարաբնույթ ծրագրերի իրականացմանը:
Գործունության հիմնական նպատակն է՝ ի հայտ բերել ԱՄՆ-ում բնակվող էթնիկ փոքրամասնությունների հաջողություններն ու ձեռքբերումները:









