Զանգվածային բախումներ սիրիական Հոմս քաղաքում. 50 զոհ

09:26 • 26.05.12

Երեկ Սիրիական Հոմս քաղաքում բախումների հետևանքով առնվազն 50 մարդ է զոհվել, որոնց թվում եղել է 13 երեխա, տեղեկացնում է «Բի Բի Սի»-ն։

Ընդիմադիրների տվյալներով՝ առավել մեծ քանակությամբ զոհեր գրանցվել են Խուլա քաղաքում, որտեղ քաղաքացիները կառավարական ուժերի կողմից զանգվածային ռմբակոծությունների են ենթարկվել։

Նշվում է, որ եթե սույն լուրը հաստատվի, ապա այն կդառնա հակամարտության ամենաարյունալի բախումներից մեկը։

Ընդիմադիր ուժերի հաղորդմամբ` երկրի այլ շրջաններում հարձակումների զոհ է դարձել ևս 20 մարդ։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարել է, որ իրավիճակը Սիրիայում շարունակվում է ծայրահեղ լարված մնալ։ Նա նաև նշել է, որ ընդիմադիր ուժերը վերահսկում են երկրի որոշ խոշորագույն քաղաքներ։

ՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քան մեկ տարի առաջ սկսված հակամարտության հետևանքով Սիրիայում զոհվել է շուրջ 15.000 մարդ, այդ թվում՝ հազարավոր խաղաղ բնակիչներ։