Իրանը մտադիր է երկրորդ ԱԷԿ-ը կառուցել Բուշերում
Իրանի իշխանությունները մտադիր են հաջորդ տարի երկրի Բուշերում կառուցել երկրորդ ատոմային էլեկտրակայանը, որտեղ վերջերս կառուցվել ու շահագործման է հանձնվել «Բուշեր» ԱԷԿ-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում կատարելով «Ֆրանս Պրես»-ին: Իսլամական հանրապետության ծրագրերի մասին հայտարարել է երկրի ատոմային էներգիայի կազմակերպության տնօրեն Ֆարիդուն Աբասի-Դավանին:
«Իրանը հաջորդ տարի Բուշերում կկառուցի երկրորդ` 1000 մեգավատ հզորությամբ ատոմային էլեկտրակայանը»,- հայտնել է Աբասի-Դավանին` այլ մանրամասներ չհաղորդելով:
Ուրբաթ հայտնի էր դարձել, որ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներն իրանական ստորգետնյա ձեռնարկությունում հայտնաբերել են մինչև 27% հարստացված ուրանի հետքեր, ինչը գերազանցում է Իրանի կողմից պաշտոնապես հայտարարված մակարդակը: Թեհրանն այս փաստը բացատրել էր «տեխնիկական սխալով»:









