The Associated Press-ը` «Եվրատեսիլ»-ի փայլի, արված ծախսերի ու դրանց ֆոնին` ընդդիմության նկատմամբ բռնությունների մասին
The Associated Press գործակալությունն անդրադարձել է Բաքվում նախօրեին անցկացված «Եվրատեսիլ» երգի մրցույթին, որում հաղթել է Շվեդիայի 28-ամյա ներկայացուցիչ Լորինը` Euphoria ստեղծագործությամբ:
Մասնավորապես` Փիթեր Լեոնարդը գրում է, որ նախկին Խորհրդային միության` համեմատաբար անհայտ հանրապետություն Ադրբեջանը, օգտվելով նման համընդհանուր ուշադրության կենտրոնում առաջին անգամ գտնվելու հնարավորությունից, շատ ջանք էր գործադրել «փայլելու» համար:
Crystal Hall համերգային համալիրի կառուցման համար, որի բեմն ուղղակի «ողողված» էր լույսով, ծախսվել է 134 մլն դոլար, իսկ այն կառուցվել է ռեկորդային կարճ ժամանակահատվածում` ընդամենն ութ ամսում: Բացի այդ, ըստ հոդվածագրի, անհամար միլիոններ են ծախսվել մայրաքաղաք Բաքուն զարդարելու և ամբողջովին նոր` լոնդոնյան տաքսու ոճով ավտոմեքենաների մեծ խմբաքանակ ձեռք բերելու համար: Նրա կարծիքով` տնտեսման խիստ միջոցառումների պայմաններում նման ծախսերը մտավախության տեղիք են տալիս:
«Եթե մրցույթի անցկացման ծախսերը տարեցտարի աճեն և առաջանա այն ավելի ու ավելի շքեղ դաձնելու անհրաժեշտություն, մրցույթը հյուրընկալող շատ երկրներ կբախվեն անհավանական դժվարությունների, առավելևս, եթե հաշվի առնենք Եվրոպայի ներկայիս ֆինանսական իրավիճակը»,- ասել է մրցույթի կազմակերպիչ Եվրոպայի հեռարձակողների միության գովազդի բաժնի ներկայացուցիչ Անիկա Նիբերգ Ֆրանկենհաուզերը:
Ըստ հոդվածագրի` այս փայլի ու շքեղության ֆոնին, մրցույթի եզրափակչի նախօրեին, սակայն, անցկացվել են ընդդիմության բողոքի ակցիաները, «ովքեր օգտվելով օտարերկրյա լրագրողների մեծաթիվ ներկայությունից` ցանկանում էին ուշադրություն հրավիրել իրենց երկիրն ավտորիտար ոճով կառավարող իշխանությունների վրա:
Նա հիշեցնում է, որ մայիսի 25-ին ոստիկանությունը ցրել էր համերգային համալիրից ոչ հեռու անցկացված ֆլեշմոբը`դրա մասնակիցներին կոպտորեն նետելով ավտոբուսները: «Իսկ շաբաթ երեք ցուցարարներ դատապարտվեցին 5-6- օրյա ազատազրկման, ևս 17 մարդ էլ տուգանվեց 25-32 դոլարով»,- եզրափակում է հոդվածագիրը:









