Ովքեր կհետաքրքրվեն Արցախով, կգան ու կտեսնեն հայկական Արցախ. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14:21 • 27.05.12

Ադրբեջանն անընդհատ բարձրացնելով Արցախի խնդիրը, կլուծի միայն մեկ խնդիր՝ իրական պրոպագանդա հենց Արցախի համար: Tert.am-ի հետ զրույցի ընթացքում այս կարծիքը հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով երեկ Ադրբեջանում անցկացված «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթին, որտեղ Ադրբեջանի ելույթից առաջ ներկայացվեց «Ղարաբաղ» անունով մի տեսաբացիկ:

 

«Բոլոր այն մարդիկ, ովքեր, թեկուզ հենց Եվրատեսիլից հետո, կհետաքրքրվեն Արցախի ճակատագրով կամ բնությամբ,  կգան ու կտեսնեն հայկական Արցախ»,- ասաց քաղաքագետը:

 

Նա նշեց, որ Ադրբեջանը տարբեր պատեհ և անպատեհ առիթներն օգտագործում է քարոզչության համար, ինչը, ըստ նրա, բավական վաղուց հոգնեցրել է, ոչ միայն Եվրոպային, այլ նաև բոլոր այն երկրներին, ովքեր հետաքրքրված են տարածաշրջանային զարգացումներով:

 

«Պրոպագանդայի նման ձևերը, որոնք ավելի հատուկ են սովետական ռեժիմին, այլևս չեն ընկալվում որպես այդպիսին և խաղում են հակապրոպագանդայի դեր: Պետք չէ ուշադրություն դարձնել Ադրբեջանի այս քայլին»,- ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

 

Քաղաքագետը զարմանալի համարեց այն, որ հայ հանրությանը զայրույթի տեղիք է տվել «Եվրատեսիլ» մրցույթի ընթացքում Ադրբեջանի կողմից Ղարաբաղը որպես ադրբեջանական տարածք ներկայացնելը, սակայն նույնը չնկատել Նախիջևանի դեպքում: Նշենք, որ մրցույթի ընթացքում Նախիջևանը նույնպես ներկայացվեց որպես պատմական Ադրբեջանական տարածք:

 

«Կարծում եմ, սա մեր խնդիրն է, թեև դրա պատճառները պետք է փնտրել լարվածության այն բարձր աստիճանի մեջ, որ ստեղծվել է Արցախի շուրջ՝ հայ-ադրբեջանական և ադրբեջանական-արցախյան պետական սահմանին: Բայց միգուցե նաև որոշակի պահանջատիրության կամ զգոնության թուլացում կա, որի ուղղությամբ պետք է ուշադրություն դարձնել: Նախիջևանում մենք ունենք հիանալի պատմամշակութային ժառանգություն, որը, ցավոք սրտի, ոչնչացվում է: Մենք դրա մասին բավական հաճախ բարձրաձայնում ենք միջազգային ատյաններում: Բայց կարծես հարցի նկատմամբ ուշադրությունը ավելի շատ մնացել է մասնագիտական շրջանակներում, այնինչ ՀՀ-ի տարածքում ներկայում էլ ապրում են մարդիկ, որոնց ծնողները ոչ վաղ անցյալում ապրել են Նախիջևանում»,- ասաց նա, ավելացնելով, որ այդ տարածքի կորուստը «բավական թարմ է մեզ համար»:

 

Մելիք-Շահնազարյանի խոսքով, դեռ երկար կորոնվի այն հարցի պատասխանը, թե ինչ տվեց Եվրատեսիլը Ադրբեջանին: Բայց, մի բան հստակ է. «Շոուն և վիտրինային քաղաքականությունը շուտով կմոռացվի, բայց բոլորի հիշողության մեջ կմնա: Ադրբեջանում ստեղծված այն դաժան իրավիճակը, որը գոյություն ունի թե մարդու իրավունքների տեսակետից, թե սոցիալ-տնտեսական և այլն: Ադրբեջանի նախագահի՝ բռնապետի կերպարը ամրապնդվեց եվրոպական հասարակության շրջանում՝ հենց մրցույթի շնորհիվ»: