Այսօր Թբիլիսիում բազմահազարանոց ցույց է լինելու. մեկնարկում են «Վրացական երազանք»-ի հանրահավաքները
Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում այսօր կանցկացվի վրացական ընդդիմության ցույցը: Նախատեսվում է մինչև 100 հազ ցուցարարի մասնակցություն, հայտնում է vz.ru-ն:
Այս հանրահավաքով կազդարարվի ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» կոալիցիայի նախընտրական քարոզարշավի մեկնարկը: Կոալիցիան պատրաստվում է մասնակցել հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ու հաղթել իշխող կուսակցությանը:
Ազատության հրապարակում, որտեղից սկսվում է պողոտան, տեղադրվել է բեմ, որտեղ լսվում է միլիարդատիրոջ որդու` հայտնի ռեփեր Բերիի երգերը: Հանրահավաքի ժամանակ սպասվում են նաև ընդդիմության այլ առաջնորդների ելույթները:
Փորձագետներն ընդգծում են, որ Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ ընդդիմությունը ֆինանսական զգալի միջոցներ ունի` իր արշավը կազմակերպելու համար:
«Ես վստահ եմ, որ մենք կհաղթենք: Ես գիտեմ վրաց ժողովրդի տրամադրվածությունը: Այն այսօր ագրեսիվ է տրամադրված ներկայիս իշխանությունների նկատմամբ»,- օրեր առաջ հայտարարել էր Իվանիշվիլին:









