Սյունիքի մարզում «ԳԱԶ 5310»-ը վթարի է ենթարկվել. կա 6 վիրավոր

20:37 • 27.05.12

Այսօր մայիսի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
 

Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16.00-ի սահմաններում Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Անգեղակոթ գյուղի բնակիչ, 25-ամյա Արման Եփրեմյանը, վարելով «Գազ 5310» մակնիշի 61 ՕՕ 783 համարանիշի ավտոմեքենան, նշված գյուղի հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, որից հետո կողաշրջվել է:


Վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, նույն գյուղի բնակիչներ 33-ամյա Աստղիկ Եփրեմյանը, 47-ամյա Մարգուշ Եփրեմյանը, 12-ամյա Սամսոն Հովասափյանը, 37-ամյա Սևակ Հովասափյանը և 50-ամյա Եղիսաբեթ Տեր-Հովհաննիսյանը մարմնական վնասվածներով տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն:


Քիչ առաջ Սևակ Հովասափյանն ու Մարգուշ Եփրեմյանը տեղափոխվեցին Երևան, քանի որ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:


Գ.Շամշյանը հայտնում է, որ վերանշյալ երկու անձինք փեսա և զոքանչ են:


Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին դասակի աշխատակիցներ Անդրանիկ Խաչատրյանը և Պավլիկ Մկրտչյանը՝ դասակի հրամանատար Արամ Գալստյանի գլխավորությամբ:


Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի Սիսիանի քննչական բաժանմունքի քննիչ Դավիթ Հովհաննիսյանը: