«Վրացական երազանք»-ի հանրահավաքն ավարտվեց.ներկա էին Գաչեչիլաձե եղբայրներն ու Բուրջանաձեի կուսակցությունը

18:22 • 27.05.12

Թբիլիսիում այսօր մեկնարկած ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» կոալիցիայի հանրահավաքն ավարտվեց: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության` Ազատության հրապարակում հավաքվել էին տասնյակ հազարավոր մարդիկ: Վրաց բլոգերները հաղորդում են 35 հազ-ի մասին: Ավելի վաղ նախատեսվում էր 80.000-100.000 մարդու մասնակցություն:

 

Երթին միացել են նաև նախագահի նախկին թեկնածու Լևան Գաչեչիլաձեն` եղբոր` Գեորգիի հետ, ինչպես նաև խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն` իր գլխավորած «Ժողովրդավարական շարժման» հետ:

 

Այս հանրահավաքով ազդարարվեց Իվանիշվիլիի «Վրացական երազանք» կոալիցիայի նախընտրական քարոզարշավի մեկնարկը: Կոալիցիան պատրաստվում է մասնակցել հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ու հաղթել իշխող կուսակցությանը:


«Հրապարակ ձեր այցով դուք ինձ տվեցիք Վրաստանի քաղաքացիություն: Մեր երկիրը գտնվում է անդունդի եզրին: Այդ իսկ պատճառով իմ` քաղաքականություն մտնելը ոչ թե ցանկություն է, այլ` պարտք»,- ասել է Իվանիշվիլին:

 

Իսկ Լևան Գաչեչիլաձեն հայտնել է. «Վրաստանում այսօր տիրում է Սաակաշվիլիի իշխանության բռնապետությունը: Այն վերացնելու համար անհրաժեշտ է ազգի միասնականությունը»:

 

Ինչպես հայտնում է Apsny.ge գործակալությունը, նախագահի նախկին թեկնածուն նշել է, որ բոլոր քաղաքացիները պետք է համերաշխ լինեն ներկայիս իշխանությունների դեմ ուղղված յուրաքանչյուր բողոքի ակցիային ու հանրահավաքին:

 

Ակցիային են միացել նաև «Ազգային ժողով»-ն ու «Սպիտակները»:

 

«Մենք միասին կպայքարենք մեր երկրի, ժողովրդավարության, սովի հաղթահարման ու արժանի հայրենիք ունենալու համար»,- ավելի վաղ տարածած հաղորդագրության մեջ նշել էր «Սպիտակներ»-ի առաջնորդ Թեմուր Շաշիաշվիլին:


Հաջորդ հանրահավաքը կանցկացվի հունիսի 7-ին, Քութաիսիում: