Տուարեգներն ու իսլամիստները միավորվել են Մալիի հյուսիսում
Մալիում գործող երկու ծայրահեղական խմբավորումները` «Անսար ադ-Դին» («Հավատքի պահապանները») և «Ազավադի ազատագրման ազգային շարժում»-ը հայտարարել են իրենց հողերը միավորելու և երկրի հյուսիսում շարիաթական պետություն ստեղծելու մասին, հայտնում է Associated Press-ը` վկայակոչելով խմբավորումներից մեկի ներկայացուցչին:
Տուարեգների ու ծայրահեղ իսլամիստների ներկայացուցիչները համապատասխան համաձայնագիրը ստորագրել են Գաո քաղաքում, որը վերջին ամիսների ընթացքում տեղի ունեցած մարտերի արդյունքում տուարեգները գրավել են կառավարական զորքերից: Ապրիլի սկզբին շարժման գրոհայինները հայտարարել էին Ազավադ շրջանի անկախության մասին: Սակայն հարևան աֆրիկյան երկրները, այդ թվում` Ալժիրը, հրաժարվել էին ճանաչել այն:
Իսկ ահա «Ալ Կաիդա»-ի հետ կապեր ունեցող իսլամիստական խմբավորումն արդեն սկսել է շարիաթի օրենքներ մտցնել Մալիի հյուսիսային քաղաքներում:
Երկրի լրատվամիջոցները մտավախություն ունեն, որ երկու խմբավորումների միավորումն ավելի կապակայունացնի իրավիճակը երկրում: Նախորդ չորեքշաբթի հաղորդվում էր, որ Մալիի նախագահի պաշտոնակատար Դիոնկունդե Տրաորեն, ով վերջերս հարձակման էր ենթարկվել իր հակառակորդների կողմից, բուժման նպատակով մեկնել է Փարիզ: Այդ ժամանակ նրա հակառակորդները երկրի ժամանակավոր նախագահ հայտարարեցին ռազմական խունտայի առաջնորդ կապիտան Ամադու Սանոգոյին, ով գլխավորել էր մարտի 22-ին Մալիիում ռազմական հեղաշրջումը:









