Արևմուտքը խիստ անհանգստացած է Սիրիայում տիրող իրավիճակով ու պատասխան է պահանջում

12:37 • 27.05.12

Արևմուտքի երկրները միջազգային հանրությունից «լուրջ պատասխան» են պահանջում սիրիական Հուլա քաղաքում օրերս կատարված սպանդի համար, որի հետևանքով զոհվել էր նվազագույնը 90 մարդ, այդ թվում` 32 երեխա: Մասնավորապես` Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել արտահերթ նիստ գումարել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն էլ կատարվածը «վայրենություն» է անվանել ու հայտարարել, որ Վաշինգտոնը կանի հնարավորը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի ռեժիմի ու նրա կողմնակիցների նկատմամբ ճնշում գործադրելու համար, որոնց «վախի կառավարությունը» պետք է դադարեցնի իր գոյությունը:


Հուլայում կատարվածն այսօր քննադատել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը, ավելի վաղ` նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի` Սիրիայում հատուկ պատվիրակ Քոֆի Անանը: Ավելի վաղ Սիրիայում իրավիճակի կարգավորման դիտորդական խմբի ղեկավար գեներալ Ռոբերտ Մուդը կատարվածն անվանել էր «դաժան ողբերգություն»` ընդգծելով, որ դիտորդներն այցելել են դեպքի վայր, սակայն չէր նշել, թե ով է մեղադրվում կատարվածի մեջ:

Հուլայում կատարվածն ամենաարյունալին է ապրիլին կողմերի միջև գործող փխրուն հրադադարի հաստատումից հետո: Սիրիայի իշխանությունները կատարվածի մեջ մեղադրում են «զինված ահաբեկչական խմբավորումներին», իսկ ընդդիմադիրներն ու իրավապաշտպանները` Ասադի ուժերին:


Ի դեպ, սիրիական պետական «ՍԱՆԱ» գործակալությունը հաղորդում է «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից սիրիական երկու գյուղերում` Շումուրիայում ու Թել Դաուում իրականացրած սպանդի մասին: Հաղորդվում է մի քանի ընտանիքների, այդ թվում` կանանց ու երեխաների սպանության մասին, սակայն, զոհերի թվի մասին հայտնի չէ: 


Գործակալությունը հաղորդում է նաև, որ «Ալ Կաիդա»-ի հետ կապ ունեցող զինված ծայրահեղականներըը պատանդ են վերցրել սիրիական «Ֆուրաթ» նավթային ընկերության ինժեներներին ու տեխնիկներին: Նրանց տեղափոխող ավտոբուսը կանգնեցվել է Դեյր էզ Զորում: Ընկերության աշխատակիցները տարվել են անհայտ ուղղությամբ: