Մեկ ու կես միլիոն մարդ կորցրած երկիրն իր մեջ ուժ գտավ հռչակելու անկախություն. պատմաբան

14:34 • 28.05.12

Մեկ ու կես միլիոն մարդ կորցրած երկիրն իր մեջ ուժ գտավ հռչակելու Հայաստանի առաջին անկախությունը. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիման ժամանակ ասաց պատմաբան Բաբկեն Հարությունյանը: Նա նշեց, որ չնայած առաջին Հանրապետության ղեկավար այրերի հանրության կողմից միշտ հալածվելուն՝ Առաջին հանրապետության հռչակումը կարևոր իրադարձություն էր:

 

«Արամ Մանուկյանը ո՛չ ասաց բոլոր վախկոտներին, ովքեր չէին ցանկանում պայքարել հանուն պետականության ու հայրենիքի: Շատերը ասում էին պետք է քաշվել Երևանից դեպի լեռներ: Թուրքերը կարողացան գրավել մի շարք տարածքներ և շարժվել առաջ, բայց գտնվեցին այնպիսի մարդիկ, ովքեր կարողացան թուրքերին ջախջախել»,- ասաց պատմաբանը:

 

Բաբկեն Հարությունյանը նշեց, որ այդ օրերի պայքարը համաժողովրդական էր, որին մասնակցում էին անգամ կանայք՝ սնունդ մատակարարելով զինվորներին:

 

Ղարաքիլիսայի ճակատամարտում սխալ քայլ արեց Դրոն՝ Դրաստամատ Կանայանը, ով հավատալով թուրքերի պարզած սպիտակ դրոշին՝ դադարեցրեց պայքարը:


«Եթե նա հեռուն մտածեր, կհասկանար, որ դա խաբեություն է և դուրս կգար Ղարաքիլիսայի թիկունքից ու ճակատամարտի ելքը բոլորովին այլ կլիներ»,-նկատեց պատմաբանը:

 

Ասուլիսին ներկա ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմաբան Էդիկ Մինասյանը ևս նշեց, որ Սարդարապատում կռվող սպան չգիտեր, որ մի քանի օր հետո Հայաստանն անկախանալու է: Առաջին հանրապետությունը մայիսյան հերոսամարտերի ծնունդ էր:

 

«Մենք ժառանգեցինք ազատ ապրելու, ժողովրդավարական արժեհամակարգ. պետականության ստեղծումից հետո ստեղծվեց օրենսդիր և գործադիր իշխանություն: Երրորդ հանրապետությունը Առաջին հանրապետության ժառանգորդն է»,-ասաց Մինասյանը:

 

Ըստ պատմաբանի՝ թեև Առաջին հանրապետության կյանքը տևեց, ընդամենը, 2.5 տարի, բայց այն մեծ ձեռքբերումներ ունեցավ:

 

«Մենք ունեցանք կանոնավոր բանակ և հասկացանք, որ դա շատ կարևոր է պետության ամրապնդման համար: Հենց այս հենքի վրա էլ մենք կարողացանք հաղթանակ տանել Արցախյան պատերազմում»,-ասաց Մինասյանը:

 

Բանախոսը նշեց, որ անգամ թուրք փաշաներն են ասել, որ մայիսյան ճակատամարտերում հայերն ապացուցեցին, որ իրենք կարող են լինել աշխարհի ամենամարտունակ զինվորը: