Նիստերի դահլիճ ներխուժած անձը Թոնի Բլերին մեղադրել է «ռազմական հանցագործությունների» մեջ
Բրիտանական News Corp. կորպորացիայի կողմից հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման գործով էթիկայի հանձնաժողովի նիստերի դահլիճ ներխուժած անձը Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ հարցաքննվող Թոնի Բլերին «ռազմական հանցագործությունների» մեջ է մեղադրել, հայտնում է Sky News-ը: Մինչ նրան անվտանգության աշխատակիցների կողմից դուրս տանելը, տղամարդը հասցրել է մի քանի մեղադրանք հնչեցնել:
«Այս մարդը պետք է ձերբակալվի ռազմական հանցագործությունների համար: JP Morgan-ը (բանկը-Tert.am) նրան վճարել է Իրաքում պատերազմի դիմաց` մեր ներխուժումից 3 ամիս անց: Նրանք 20 մլրդ դոլարի չափով թալանել են Իրաքի բանկը: Դրանից հետո, նրան ամեն տարի վճարել են 6-ական մլն դոլար և ցայսօր էլ վճարում են: Նա ռազմական հանցագործ է»,- բղավել է տղամարդը:
Միջադեպից հետո, լորդ Լևեսոնը ներողություն է խնդրել Բլերից և խոստացել հետաքննել, թե ինչպես է տղամարդուն հաջողվել մուտք գործել անվտանգության աշխատակիցների կողմից հսկվող դահլիճ:
Բլերը հերքել է իր հասցեին հնչած բոլոր մեղադրանքները:
Նա վարչապետ է եղել 2003-ին` իրաքյան պատերազմի տարում: Պաշտոնաթողությունից հետո, 2008թ.-ին, Բլերը դարձել է JP Morgan ընկերության միջազգային հարցերով խորհրդի անդամ և ավագ խորհրդական:









