Նրանք նեղացրել են հայ կանանց. Սոչիում հայերի ու դաղստանցիների լարվածության պատճառները (լուսանկարներ)

10:01 • 28.05.12

Հայտնի են դարձել Ադլերի շրջանի Չերեշնյա գյուղում հայերի ու դաղստանցիների բախումների պատճառները անցած շաբաթ-կիրակի օրերին, գրում են ռուսաստանյան լրատվամիջոցները՝ նշելով, որ կովկասցիների «сходка»-ն քիչ է մնացել վերածվի արյունալի ծեծուջարդի:

 

Բախման զարգացումը կանխել են տեղի հատուկ ջոկատայինները:

 

Комсомольская правда թերթին տված հարցազրույցում հաշիվները պարզելու համար Օլիմպիական շինարարության աշխատողների շինքաղաք եկած հայերը պատմել են, որ դաղստանցիները մշտապես նեղացնում են իրենց աղջիկներին՝ անվայել կատակներով, «նրանց հետույքը կսմթելու» փորձերով և անգամ սեքսի ուղիղ ակնարկներով:

 

Նրանց խոսքով հայ տղամարդիկ «բարկացել են, բայց դիմացել են» այնքան, մինչև դաղստանցիները «խոսքից գործի են անցել»: Շաբաթ օրը երեկոյան, երբ Չերեշնյայի աղջիկները հավաքվել են, բանվորները սկսել են հետամտել նրանց: Վիրավորված աղջիկները դիմել են իրենց ընկերներին ու եղբայրներին, և կատաղած հայերը որոշել են վրեժ լուծել:

 

Մի քանի հարյուր մարդ հավաքելով՝ նրանք 30 մեքենայով գնացել են շինարարների ավանը: Որոշ տվյաներով՝ նրանք նաև էլեկտրաշոկերներ և տրավմատիկ զենք են ունեցել: Վախեցած շինարարները արագ հայտնել են ոստիկանություն, որ իրենց նկատմամաբ հաշվեհարդար է սպասվում: Ոստիկանները հասել են այն պահին, երբ փայտերով ու երկաթաձողերով զինված կողմերը միմյանց վրա քարեր են նետում:

 

Զրահաբաճկոններով 500 ոստիկաններ և հատուկջոկատայիններ կանխել են զանգվածային ծեծկռտուքը: Ձերբակալվել է շուրջ 300 մարդ: Բախումների հետևանքով տուժել է մեկ ոստիկան:

 

Ըստ թերթի՝ սա Սոչիում առաջին բախումը չէ հայերի ու դաղստանցիների միջև: Ոստիկանությունից հայտնել են, որ մայիսի մեկին 300 երիտասարդ հայերի ու դաղստանցիների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել: Այդ ժամանակ դանակահարությունից մահացել էր սպորտի 23-ամյա վարպետ Յուրի Գարանյանը: Այդ անգամ ևս կռվի պատճառը եղել էր այն, որ դաղստանցին փորձել էր ծանոթանալ հայ աղջկա հետ: