Քանդում են Փակ շուկայի տանիքը, ահազանգում է «Փրկենք Փակ շուկան» նախաձեռնությունը (լուսանկարներ)
Լուսանկարը՝ «Մեդիամաքսի»
«Փրկենք Փակ Շուկան» քաղաքացիական նախաձեռնությունը երեկ կեսգիշերին հաղորդագրություն է տարածել այն մասին, որ քանդվում է Երևանի Մաշտոցի պողոտայի վրա գտնվող Փակ շուկայի տանիքը:
«Շարունակվում է վանդալիզմը գլխավոր պողոտայի վրա գտնվող ծածկած շուկայի նկատմամբ: Չնայած պաշտոնյաների կեղծ հավաստիացումներին, թե շուկայի տարածքում շինարարական աշխատանքները դադարեցված են, երեկ երեկոյան հերթական անդառնալի վնասն է հասցվել ճարտարապետական այդ կոթողին, ինչը արձանագրել են տեսախցիկները», -նշված է հայտարարության մեջ:
Նախաձեռնության անդամները այսօր ժամը 11:00-ին հրավիրում են շուկայի դիմաց քաղաքացիական հավաքի բոլոր այն քաղաքացիներին, որոնք անտարբեր չեն վտանգված ճարտարապետական հուշարձանի ապագայի նկատմամբ: ««Հավաքվենք և քննարկենք մեր անելիքները ծածկած շուկան վանդալիզմից փրկելու նպատակով»,- ասված է հայտարարությունում:
Կոչին միացել է «Ժառանգության» անդամ Ստեփան Սաֆարյանը և բազմաթիվ ֆեյսբուքյան օգտատերեր, որոնք կատարվածն ակտիվ քննարկում էին սոցիալական ցանցում: Օրինակ՝ չորրորդ գումարման ԱԺ-ի պատգամավոր Լիլիթ Գալստյանը տեղեկացնում է,որ երեկ երեկոյան քանդման աշխատանքները դադարեցվել են ու հավելում. «Բայց ի՞նչ, գրեթե չկա»:
Հիշեցնենք, որ Փակ շուկան գնել է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ով, ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, պատրաստվում է այն վերածել հսկայական «Երևան Սիթի» սուպերմարկետի:
Facebook սոցիալական ցանցում արվում են առաջարկներ՝ դիմել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ի պատասխան, Ստյոպա Սաֆարյանն արձագանքում է .«Քաղաքապետն անձամբ պատասխանատվություն է կրում այս ամենի համար: Իրեն ո՞ւր դիմենք»:
Մեկ այլ օգտատեր էլ առաջարկում է ուղղակի գնալ այնտեղ, ստիպել, որպեսզի դադարեցվի շինարարությունը ու վերցնել իրավիճակը հսկողության տակ:









