Մուսուլման գիտնականներն արգելել են «ջիհադ» և «խալիֆաթ» բառերի քաղաքական կիրառությունը
23 երկրների մուսուլման գիտնականներ «Իսլամական դոկտրինն ընդդեմ արմատականության» խորագրով կոնֆերանսի ժամանակ հանդես են եկել արմատական իսլամիստների քննադատությամբ, հայտնում են ռուսաստանյան լրատվամիջոցները:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ «Կոնֆերանսի նպատակն է եղել մասնակիցների կողմից աստվածաբանական կոլեկտիվ եզրակացության հանգելը, որը քննադատում է արմատականությունը և ծայրահեղականությունը՝ իրենց դրսևորումների հանրույթում, ինչպես նաև քննադատում շահադիտական քաղաքական նպատակներով այնպիսի եզրույթների կիրառումը, ինչպիսիք են «ջիհադը» («ջանքն իսլամի ճանապարհին»), «թաքֆիրը» («անհավատության մեղադրանքը») և «խալիֆաթը» («իսլամական պետականության պատմական-աստվածաբանական հայեցակարգ»)»:
Կոնֆերանսը սկսվել էր մայիսի 25-ին Մոսկվայում և ավարտվել է նախօրեին Գրոզնիում:
Կոնֆերանսի ավարտին մուսուլման գիտնականները ֆեթվա (կրոնական դրույթ) են ընդունել, որով բացատրվում է մուսուլմանների կողմից այլ կրոնների ու գաղափարախոսությունների կրողների, ինչպես նաև՝ հավատակիցների հանդեպ բռնություն կիրառելու անթույլատրելիությունը:









