ՀՀ–ում բացակայում է քաղաքացի դաստիարակելու գաղափարը. Գագիկ Գինոսյան

16:51 • 28.05.12

«Կարին» երգի, պարի ազգային համույթի գեղարվեստական ղեկավար, ազատամարտիկ Գագիկ Գինոսյանի համոզմամբ, Հայաստանում մարդուն չեն դաստիարակում որպես քաղաքացի:

 

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ արվեստագետն ասաց, որ մենք ոչ թե դաստիարակում ենք, այլ ընդամենը տալիս ենք գիտելիք, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացի ձևավորելու համար ոչինչ չի արվում:

 

«Հայաստանում բացակայում է քաղաքացի դաստիարակելու գաղափարը, իսկ դա յուրաքանչյուր պետականության ամենամեծ առաքելությունն է և, եթե մենք չգիտենք, թե ի՞նչ սերունդ ենք դաստիարակում, չենք կարող ասել՝ ի՞նչ պետականություն կունենանք»,- ասաց Գինոսյանը:

 

Արվեստագետի խոսքով` դպրոցներում չի դասավանդվում այն առարկան, որը կլուծի երկրի քաղաքացու դաստիարակման խնդիրը: Այդ ուղղությամբ պետք է աշխատեն հեռուստատեսությունը, դպրոցն ու մանկապարտեզը:

 

«Այն ժամանակ (ԽՍՀՄ տարիներին - Tert.am) մանկապարտեզից քաղաքացուն սերմանվում էր այն, ինչ պետք էր Սովետին: Իսկ այսօր նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում պետք է քաղաքացուն դաստիարակող դասընթացներ անցկացվեն: Սա համապարփակ երևույթ պետք է լինի, ոչ թե ես՝ տանը իմ երեխային կդաստիարակեմ, կդաստիարակեմ ` չէ, ուրեմն՝ չէ»,-նկատեց բանախոսը:

 

Գագիկ Գինոսյանը կարծում է, որ այս գործընթացներում գլխավոր դերում պետք է լինի պետությունը, որն այս ուղղությամբ կմիավորի բոլոր ուժերի ջանքերը: